Uncategorized

33-րդ թաղամասի բնակիչները դիմել են Սարիբեկ Սուքիասյանին

Երևանի 33-րդ թաղամասի օտարված սեփականությունների սեփականատերերը դիմում են հղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին: Դրանում ասվում է.

Մեծարգո պարոն Սուքիասյան

ՀՀ Կառավարության 25.01.2007թ. No 108-ն որոշմամբ, Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրի հիման վրա ՙՀասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով, օտարման ենթակա սեփականության ձեռքբերող է ճանաչվել Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ն:

Ձեռք բերողը` Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ն 33-րդ թաղամասի մի շարք բնակիչների հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրեր, որոնցով պարտավորվել է սահմանված կարգով և ժամկետներում` 42 ամիս (3,5 տարի) օտարված սեփականության դիմաց, սեփականատիրոջը տրամադրել պայմանագրերում նշված հարդարված բնակարանները և հասարակական տարածքները:

33-րդ թաղամասի օտարված սեփականությունների սեփականատերերը բազմիցս դիմել են Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ին որպես ձեռքբերող, տրամադրել տեղեկություններ Երևանի 33-րդ թաղամասում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել վերոհիշյալ սեփականատերերի և Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ի աշխատակիցներ Վահագն Թադևոսյանի, փոխտնօրեն Տիգրան Ասրիյանցի և տնօրեն Տիգրան Փինաջյանի հետ: Նրանք Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ձգձգումը պատճառաբանում են նախատեսված կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով (նախագծային փաստաթղթերի կազմում, ինժեներա-երկրաբանական հետազոտությունների կատարում, կառուցապատման համար անհրաժեշտ հողային աշխատանքների կատարում և այլն): Այս և նմանատիպ պատասխանները ընկերության կողմից առաջացրել են օտարված սեփականությունների սեփականատերերի զայրույթը, քանի որ վաղուց լրացել են նրանց և Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրային ժամկետները: Մոտ 4 տարիների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը միայն փոս է փորել և որ մի շինարարական աշխատանք չի իրականացրել:

Սա ակնհայտ վկայում է, որ ձեռքբերողը` Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ն խախտել է պայմանագրով սահմանված իր պարտավորությունները:

Ցանկանում ենք նշել, որ սեփականության օտարման գործընթացի իրականացումը, համաձայն ՀՀ կառավարության 25.01.2007թ. թիվ 108-ն որոշման, համակարգող պետական լիազոր է հանդիսանում Երևանի քաղաքապետը, ինչպես նաև կառավարության որոշման անբաժանելի մասը կազմող Երևանի քաղաքապետի և Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ն 24.01.2007 թ. պայմանագրում Երևանի քաղաքապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

2012 թ. ապրիլի 16-ին կոլեկտիվ դիմում ենք հղել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ս. Նիկոյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին և խնդրել, որ անհապաղ միջամտեն մեր օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև միջոցներ ձեռնարկեն Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ն կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Հարկ ենք համարում ընդգծել նաև այն փաստը, թեև օրենքով նախատեսվում է օտարված սեփականության դիմաց նախնական փոխհատուցումը, սակայն մեզ առաջարկվեց ոչ նախնական տարբերակ` կնքել պայմանագրեր ապագայում, 3,5 տարվա ընթացքում, մեր սեփականությունների տեղում կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարաններ և հասարակական տարածքներ հատկացնելու պայմանով: Միաժամանակ ընկերության կողմից հատկացվել է ամսական նվազագույն գումար` ժամանակավոր բնակելի տարածք վարձելու համար: Չնայած ձեռբերողի առաջարկությունը հակասում էր օտարված սեփականության դիմաց փոխհատուցման վերաբերյալ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքին, սակայն մենք սեփականությունից վտարման սպառնալիքի տակ լինելով ստիպված եղանք կնքել այդ պայմանագրերը:

Մինչ օրս մեզ հասկանալի չէ, թե ինչու է մեր պետությունը, իրականացնելով մեր թաղամասում պետական ծրագիր, սեփականությունների հարկադիր օտարման իրավունք տվել Սիթի Սենթր Դիվելըփմենթ ՓԲԸ-ը, առանց երաշխիք կանգնելու սեփականատերերի օրինական շահերին: Արդյունքում մի քանի տասնյակ սեփականատերեր հայտնվել են ծանր իրավիճակում, կարելի է ասել «բոմժի» կարգավիճակում:

Խնդրում ենք Ձեզ, որպես պատգամավորի թեկնածու, Ձեր նախընտրական ծրագրում ընդգրկել մեր կողմից բարձրացված խնդիրները և սատարել մեր օրինական շահերին: