Uncategorized

Սարիբեկ Սուքիասյանը պատասխանել է Ֆիրդուսու բնակիչների նամակին

ՀՀ ԱԺ պատգամավորիթեկնածու Սարիբեկ Սուքիասյանի պատասխանը Երևանի 
33-րդ թաղամասի(Ֆիրդուսու) օտարվածսեփականություններիսեփականատերերի 
դիմումին

Ձեր դիմումին արձագանքում եմ անհապաղ` ոչ այն պատճառով, որ նախընտրական օրեր են, և առիթից օգտվելով` փորձում եմ շահել ձեր համակրանքը, այլ որ միշտ համարել ու համարում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դիմում կամ առաջարկություն պետք է արժանանա սպառիչ ու խելամիտ պատասխանի: 

Մինչ Ձեր դիմումը ստանալը տեղյակ էի, և այժմ էլ դուք հաստատում եք, որ 33-րդ թաղամասի օտարված սեփականությունների սեփականատերերդ հայտնվել եք տևական բյուրոկրատական քաշքշուկների մեջ, որ ձեր ներկան անորոշ է, ապագան` չհուսադրող: Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ հոգեվիճակում է գտնվում մարդը, երբ հայտնվում է սեփականությունը կորցնելու վտանգի առջև, և չի նշմարվում մի ատյան, որ պաշտպանի իր օրինական շահերը: Իրավիճակը չի տարբերվում ողբերգականից, եթե դա իր ամբողջ սեփականությունն է, այլ ոչ թե սեփականության մի մասը: Անցած տարիներին նման ծանր իրավիճակում են հայտնվել Երևանի Կենտրոն համայնքի հարյուրավոր բնակիչներ. ՙհանրային գերակա շահ՚ ձևակերպումը շատերի համար դարձել է դատավճիռ, և նրանք զրկվել են իրենց բնակարաններից, չստանալով համարժեք փոխհատուցում: Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, թե որքան կործանարար է նման ՙդատավճիռը՚ ՀՀ օրինապաշտ և անմեղ քաղաքացիների համար: Դա քաղաքացու իրավունքների բացահայտ ոտնահարում է, մի երևույթ, որը բացակայում է քաղաքակիրթ երկրներում:

Կոնկրետ ձեր պարագայում, հարգելի սեփականատերեր, անընդունելին շինարարական աշխատանքների ձգձգումն է, սեփականության օտարման պայմանագրերով սահմանված ժամկետները խախտելը, ինչն էլ հարուցում է ձեր արդարացի զայրույթը: Նշում եք, թե պայմանագրային պարտավորություններ ստանձնած ընկերությունը անցած շուրջ 4 տարիների ընթացքում միայն փոս է փորել և շինարարական ոչ մի աշխատանք չի կատարել:

Եթե մինչ այժմ իրենց սեփականությունը կորցրած կամ այն կորցնելու վտանգի առջև հայտնված ՀՀ քաղաքացիներին ես կարող էի և պարտավոր էի աջակցել բարոյապես, ապա ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում կարող եմ և պարտավոր եմ ձեզ աջակցել պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում, ձեր շահերի օրինականությունը պաշտպանելու հստակ դիրքորոշմամբ ու պահանջով: Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների սեփականությունը պետք է լինի անձեռնամխելի. սա է իմ դավանանքը: