Uncategorized

Մեր խնդիրն է՝ հաղթահարել տնտեսական ճգնաժամն ու կոռուպցիան

Այսօր տեղի կունենա Հայէկոնոմբանկի տարեկան ժողովը, որի առիթով մենք մի քանի հարց ուղղեցինք բանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին:

– Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի բանկային համակարգի վիճակը ներկա փուլում:

 – Ես կուզենայի նշել, որ Հայաստանի բանկային համակարգը, կարելի է ասել, լավագույններից մեկն է հետխորհրդային տարածքում թե մատուցվող ծառայությունների որակով, թե միջազգային գործիքների օգտագործման, վստահության եւ կայունության առումով: Միջազգային բանկային համաժողովների, մասնավոր հանդիպումների ընթացքում մեր գործընկերներից  շատերը գնահատում են մեր կողմից կատարված աշխատանքը եւ ցանկություն են հայտնում ընդօրինակել մեր  փորձը:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանում հնչող դժգոհությունները:

 – Գիտեք, բացառություններ, իհարկե, լինում են, բայց դրանք եզակի դեպքեր են, երբ որ խաչվում են միմյանց վատ մենեջերը եւ վատ հաճախորդը: Բայց գլոբալ առումով համակարգը կայացած է, ԿԲ կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում, դրան գումարած՝  հաճախորդների շահերը պաշտպանում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը, վստահ եղեք, որ պարտաճանաչ հաճախորդը երբեք չի տուժի: Մամուլը, բնական է, կենտրոնանում է այս կամ այն չհաջողված բիզնես ծրագրի կամ դեպքի վրա, բայց ես մեր բանկի օրինակով կարող եմ բազմաթիվ հաջողված օրինակներ բերել, երբ մեր հաճախորդը, բանկի հետ աշխատելով, մի փոքր ավտոտնակից սկսելով, ստեղծել է խոշոր լուրջ տնտեսական  համակարգ՝ միջազգային չափանիշներին համարժեք:

– Իսկ որ շատերը վարկերի տակ են…

 –  Ամբողջ աշխարհում է այդպես, ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներում` թե ԱՄՆ, թե եվրոպական, յուրաքանչյուր մարդ, ով ունի աշխատանք, առնչվում է բանկային համակարգի հետ: Բանկային համակարգը տնտեսության լոկոմոտիվն է: Այլ խնդիր է, որ  մեզ մոտ դեռ բարձր են տոկոսադրույքները, բայց դա էլ ունի իր բացատրությունը: Երբ հաջողվի ավելի մատչելի միջոցների ներգրավում միջազգային դոնորների կողմից, տոկոսադրույքները, բնականաբար, կիջնեն: Այսօր մենք ունենք խնդիր՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ գոյություն ունեցող կոռուպցիան, որոնք էլ խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը:

–  Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները մասնակցություն ունեն բանկային կյանքում: Ավելացե՞լ, թե՞ պակասել է ավանդների թիվը Հայէկոնոմբանկում:

 –  Հայէկոնոմբանկի ավանդների թիվն ավելացել է, եւ դա շատ ողջունելի է` հաշվի առնելով բանկի նկատմամբ վստահությունը, եւ երկրորդ` մեր քաղաքացիները, բիզնես մոտեցում չունենալով հանդերձ, իրենց ավանդներով մասնակցում են բիզնեսին եւ արդյունքում ունենում են կայուն ֆիքսված եկամուտ: Ողջունելի է, երբ քաղաքացին իր խնայողություններով մասնակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը:

– Ինչպե՞ս կգնահատեք կենսաթոշակային բարեփոխումները:

 –  Ես բարեփոխումներին միշտ կողմ եմ, բայց չեմ կարծում, որ այս օրենքը լավագույնն էր, եւ ԿԲ, եւ մասնավոր քննարկումների ընթացքում ունեցել ենք եւ արտահայտել ենք մեր դիտողությունները՝ այս օրենքի հետ կապված:

– Հայէկոնոմբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ սկսեց համագործակցել EBRD՝ Եվրոպական զարգացման բանկի հետ: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր երկար տարիների համագործակցությունը:

 – Գիտեք, երբ անկախ Հայաստանի բանկային համակարգը նոր էր ձեւավորվում, կարեւոր էր ունենալ այդպիսի պրոֆեսիոնալ, տարիների փորձ եւ մշակույթ ունեցող գործընկեր, որից մենք շատ բան կարող էինք սովորել: Հայէկոնոմբանկը շատ գոհ է իր գործընկերոջից: Այս տարիների համատեղ աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող բանկ: Մենք արդեն ունենք պայմանավորվածություն Եվրոպական բանկի հետ՝ եւս 5 տարի երկարացնել մեր համագործակցության ժամկետը, բայց ես նամակով դիմել եմ EBRD-ի ղեկավարությանը՝ երկարացնել ժամկետը եւ այն դարձնել 10 տարի: Շատ եմ կարեւորում Եվրոպական զարգացման բանկի համագործակցությունը Հայէկոնոմբանկի հետ: