Uncategorized

Հարցազրույց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ՝ ՎԶԵԲ-ի համաժողովի վերաբերյալ

Untitled–         Պարոն Սուքիասյան, ս.թ. հոկտեմբերի 1-2-ին ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) Երևանում համաժողով է կազմակերպում «Առևտրի ֆինանսավորման միջոցով աջակցություն Փոքր և միջին ձեռնարկությունների արտահանմանն ու ներկրմանը» խորագրով: Ո՞վքեր են մասնակիցները և ի՞նչ դեր ունի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ այդ համաժողովում:

–         Համաժողովին մասնակցելու են պետական կառույցների և տեղական ու արտասահմանյան բանկերի ներկայացուցիչներ, տեղական Փոքր և միջին ձեռնարկություններ, բիզնես- խորհրդատուներ: Համաժողովի հիմանական նպատակը Փոքր և միջին ձեռնարկությունների` Առևտրի Ֆինանսավորման ոլորտում առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Համաժողովը նույն հարկի տակ կհավաքի միջազգային ճանաչում ունեցող դասախոսների, մասնագետների, որոնք հրավիրվածների հետ կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով:

Մեծապես կարևորելով միջազգային պրակտիկայում ընդունված   Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառման ընդլայնումը նաև Փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում`«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ որոշեց հանդես գալ որպես տվյալ միջոցառման Գլխավոր Հովանավոր:

–         Պարոն Սուքիասյան, Ձեր Բանկը առաջիններից է միացել  ՎԶԵԲ Առևտրի Խթանման Ծրագրին (ԱԽԾ): Ե՞րբ է սկսվել համագործակցությունը այդ ծրագրի շրջանակներում և ի՞նչպես եք Դուք այն գնահատում:

–         2002թ.-ին  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և ՎԶԵԲ միջև կնքվեց «Թողարկող բանկի պայմանագիրը», որը հնարավորություն ընձեռեց մեր Բանկին արտասահմանյան բանկերի հետ փաստաթղթային գործառնությունների ոլորտում աշխատել` օգտագործելով ՎԶԵԲ երաշխավորությունը, իսկ արդեն 2007թ.-ից  մենք հնարավորություն ունեցանք մեր հաճախորդներին առաջարկել կարճաժամկետ վարկեր` նախատեսված արտահանման և ներկրման համար` սկսած տարեկան 7%-ից:

2006թ.-ի մարտին Երևանում ՎԶԵԲ հետ համատեղ կազմակերպվեց և անցկացվեց Առևտրի Ֆինանսավորման Միջազգային համաժողովը, որը մեծ արձագանք ունեցավ Բանկի գործընկերների շրջանում և նպաստեց նոր հարաբերությունների ձևավորմանը, առկա կապերի ամրապնդմանը, ինպես նաև ԱԽԾ շրջանակում իրականացվող գործարքների քանակի աճին:

Ներկայումս Բանկը շարունակում է ակտիվ համագործակցել ՎԶԵԲ հետ ԱԽԾ շրջանակներում: Մոտ ժամանակներս ակնկալում ենք ՎԶԵԲ կողմից Բանկի համար սահմանված վարկային գծի սահմանաչափի բարձրացում, ինչը կընդլայնի մեր հնարավորությունները Առևտրի Ֆինանսավորման ոլորտում:

–         Պարոն Սուքիասյան,  ի՞նչ արդյունքներ եք ակնկալում համաժողովից:

–         Միշտ մեծ կարևորություն եմ տվել նման միջոցառումների կազմակերպմանը, քանզի նման միջոցառումները հնարարավորություն են ստեղծում գիտելիքների ձեռքբերման, նոր գործիքներին ծանոթացման, համագործակցության նոր եզրերի ձեռքբերման համար: Հատկապես կարևոր է փորձի փոխանակումը`թե համաժողովի ընթացքում, թե համաժողովից հետո կազմակերպվող կորպորատիվ երեկոների ժամանակ:

Կարևորում եմ Առևտրի Խթանման Ծրագրի հետագա զարգացումը, քանզի այն մեծապես նպաստում է արտահանման և ներմուծման ծավալների աճին, որն էլ իր դրական ազդեցությունն է թողնում մեր երկրի տնտեսության վրա:

Վերլուծելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը` հակված եմ կարծել, որ բավականին նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել մեր երկրից արտահանման ծավալների աճի համար: Արտահանման աճը, սակայն, հնարավոր է միայն արտադրության ծավալների աճի պայմաններում, ուստի այսօրվա արտադրողը պետք է շահագրգռված լինի հնարավորինս շատ արտադրել, այլապես շուկան կզբաղեցնեն այլ երկրների արտադրողները կամ մրցակիցները:

Համաժողովի ընթացքում Երևանն այցելող օտարերկրյա բանկիրները կծանոթանան մեր երկրին, մեր մշակույթին, ավանդույթներին և հետագայում, ինչու ոչ, գուցե ցանկանան Հայաստանը նաև որպես զբոսաշրջիկ այցելել: