Uncategorized

Մեր բոլոր գործողություններն ուղղված են «Հայէկոնոմբանկի» մեծացմանը եւ հզորացմանը

13d4357ca81d222c155182393dd26fafՀարցազրույց «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ
-Պարոն Սուքիասյան, վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» կողմից ֆինանսական եւ իրավական աուդիտ է սկսվել հայաստանյան ԲՏԱ բանկում: Այդպե՞ս է:

– «Հայէկոնոմբանկի» կողմից մոտ օրերս իսկապես սկսվել է հայաստանյան ԲՏԱ բանկի ֆինանսական եւ իրավական աուդիտ, որի հետագա նպատակը երկու բանկերի միացումն է:
– Իսկ ի՞նչ է ակնկալվում հետագայում այդ միացման արդյունքում:
– Ներկա պահին ես չեմ կարող բացահայտել գործարքի մանրամասները. այդ տեղեկատվությունը խիստ կոնֆիդենցիալ բնույթ է կրում: Գործարքի պայմանները, գնահատումը կհստակեցվեն ֆինանսական եւ իրավական աուդիտի ավարտից հետո: Մեր նպատակը «Հայէկոնոմբանկը» հզորացնելն է, հետեւապես, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու «Հայէկոնոմբանկի» մեծացմանը եւ հզորացմանը:
– Ենթադրում եմ, որ ակնկալվող միացումը նպատակ ունի «Հայէկոնոմբանկի» կապիտալը համապատասխանեցնելու ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված եւ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նորմատիվային կապիտալի 30 մլրդ. ՀՀ դրամ նվազագույն մակարդակին:
– Ակնկալվող միացումը, իհարկե, կնպաստի բանկի նորմատիվային կապիտալի մեծացմանը, սակայն, բացի վերոնշյալ միացումից, մենք զուգահեռ կապիտալի համալրում ենք իրականացնում բաժնետոմսերի նոր թողարկումների միջոցով: Մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կավարտվի 5 մլրդ. 40 հազ. ՀՀ դրամ ընդհանուր ծավալով բաժնետոմսերի տեղաբաշխումը: Ի դեպ, տեղաբաշխվող բաժնետոմսերը ձեռք են բերվում հասարակության լայն շերտերի կողմից` մեկ բաժնետոմսից մինչեւ մի քանի հազար բաժնետոմս: Այս թողարկման ընթացքն արդեն վկայում է այն մասին, որ մեր բաժնետերերի քանակը կրկնապատկվում եւ եռապատկվում է: Կցանկանայի նշել, որ «Հայէկոնոմբանկի» փոքր բաժնետերերի իրավունքները մշտապես բանկի ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Ընդհանրապես, աշխարհում մի կանոն կա` յուրաքանչյուր ոք փորձում է իր խնայողությունները տեղաբաշխել բիզնեսի այն ոլորտում, որտեղ հաջողություն կա: Վստահաբար կարող եմ ասել, որ «Հայէկոնոմբանկում» ներդրում կատարողը հաջողություն կգրանցի:
– Արդյոք Ձեր կողմից դիտարկվո՞ւմ են նաեւ այլ հայկական բանկերի` «Հայէկոնոմբանկի» հետ միացման տարբերակները:
– Մենք միշտ էլ բաց ենք եղել քննարկումների համար եւ միշտ էլ պատրաստ ենք քննարկել փոխշահավետ համագործակցության ցանկացած տարբերակ: Եթե որեւէ հայկական բանկ` արտասահմանյան կամ տեղական կապիտալով, մեր բանկի հետ միացման ցանկություն հայտնի, մենք պատրաստակամությամբ կդիտարկենք այդ առաջարկը: Եթե մեզ հաջողվի նաեւ մեկ այլ փոքր բանկ միացնել մեզ, ապա դա կնպաստի հայկական բանկային համակարգի է՛լ ավելի կայունացմանն ու «մաքրազտմանը», ինչպես նաեւ վերջինիս նկատմամբ վստահության աճին:
– Պարոն Սուքիասյան, չե՞ք կարծում, որ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, կապված 30 մլրդ. ՀՀ դրամ կապիտալի նվազագույն շեմի հետ, բանկերի միջեւ մրցակցության ուժեղացման պատճառ կհանդիսանա: Ինչպե՞ս է Ձեր բանկը պատրաստվում դիմակայել այդ փորձությանը:
– Շուկայում, իհարկե, կառաջանա ազատ ռեսուրսների ավելցուկ, եւ առավելություն կստանան այն բանկերը, որոնք ավելի էժան ռեսուրսներ ունեն եւ առավել ճիշտ են կառավարում իրենց ակտիվները: Միջազգային դոնոր կազմակերպությունները վստահում են «Հայէկոնոմբանկին»՝ որպես լավ գործընկերոջ, եւ բավականին էժան ռեսուրսներ են տրամադրում: Վստահաբար կարող եմ ասել, որ «Հայէկոնոմբանկի» այսօրվա թիմն ունի այն մասնագիտական փորձը, գիտելիքները, շուկայի իմացությունը եւ թիմային մտածելակերպը, որը թույլ կտա նրան հաջողությամբ առաջ ընթանալ։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am