Հարցազրույց

Գիտությունն այն ոլորտը չէ, որտեղ արդարացված լինի խնայողությունը

Թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն համայնքի մի մասը և Նորք Մարաշը, մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին հարցեր են ուղղել գիտության ոլորտի ներկայացուցիչները, նպատակ ունենալով պարզել, թե ինչ ուղիներ է տեսնում պատգամավորի թեկնածուն` գիտության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու, գիտության առաջընթացի համար նպաստավոր միջավայր ստեղծելու, առհասարակ հայ գիտական միտքը երկրի ներդաշնակ և համակողմանի զարգացմանը ծառայեցնելու:

– Պարոն Սուքիասյան, բավարա՞ր եք համարում արդյոք գիտությանը ներկայում
հատկացվող պետական ֆինանսավորումը: Դա առավելագու՞յնն է ինչ հնարավոր է, եթե ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեք այդ ֆինանսավորումն ավելացնելու:

– Գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, ըստ իս, պետք է լինի Համախառն ներքին արդյունքի առնվազն 1 տոկոսի չափով, այսինքն` քառակի ավելի, քան հիմա է: Հիմա ընդամենը 0,25 տոկոս է: Սա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ այս պայմաններում նկատվում է կիրառական գիտության գրեթե վերացում, գիտնականների ծերացում: Իրավիճակը կարող է շտկվել միայն պետության շեշտակի միջամտությամբ: Սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի լինի արդարացնել խնայողությունը:

– Գիտությունն, ըստ Ձեզ, պետք է լինի պետության մենաշնոր՞հը, թե՞ կարելի է ներագրավել մասնավոր սեկտորին:

– Ցանկալի է, որ ֆինանսավորման նշված շեմը ապահովելուն զուգահեռ պետությունը խնդիրը քննարկի մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ և տա հստակ երաշխիքներ, որ մասնավոր սեկտորի ներդրումները պաշտպանված կլինեն համապատասխան օրենսդրական դաշտով: Այս դեպքում մասնավոր սեկտորը խիստ շահագրգռված կլինի նեդրումներ կատարել գիտության ոլորտում:

– Ո՞րն է լինելու խորհրդարանում և անձամբ Ձեր անելիքը ի շահ գիտության

զարգացման:

– ֆինանսավորման ներկայացվող գիտական բոլործրագրերը տեղական փորձաքննության հետ միասին պետք է անցնեն միջազգային փորձաքննություն: Անհրաժեշտ եմ համարում «Գիտական փորձաքննության մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համապատասխան փորձաքննություն կատարել արտերկրում: Այս օրենքի ընդունմամբ պետությունը կերաշխավորի, որ փորձաքննությունն արդար է:

Խորհրդարանում ջանք չեմ խնայի գիտության ֆինանսավորման շեմն ավելացնելու, մասնավոր սեկտորի համար օրենսդրական դաշտ ապահովելու և նշածս օրենքն ընդունելու համար:

– Գիտության ո՞ր ճյուղն է, ըստ Ձեզ, որ կաղում է մեր երկրում, և ի՞նչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել իրավիճակը բարելավելու, միջազգային չափանիշներից հետ չմնալու համար:

– Ճշգրիտ գիտության հայաստանյան ներկայացուցիչները, չնայած իրենց համար դժվար պայմաններին, բավականաչափ ակտիվ են միջազգային ասպարեզում, շատերը տպագրվում են միջազգային հեղինակավոր պարբերականներում: Մինչդեռ գիտության որոշ ճյուղեր հիմնականում մեկուսացած են և չունեն ճանաչում: Հասարակական գիտությունների, տնտեսագիտության ոլորտներում ամեն տարի պաշտպանվում են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, սակայն այդ պաշտպանողներից շատերը չգիտեն, որ կան միջազգային պարբերականներ, չգիտեն, թե ինչ մակարդակի վրա է, ասենք միջազգային տնտեսագիտական միտքը:Պետք է խրախուսել մեր տնտեսագիտության` միջազգային գիտական հոսքին ինտեգրումը, սահմանել մրցանակներ, ստեղծել մրցակցության միջավայր:

Ապրիլ 17 – lragir.am