Այն, որ մեր երկրում գիտության ոլորտում տեղաշարժերը պետք է համաքայլ լինեն աշխարհին, ռազմավարական և օրակարգային խնդիր է, որը քննարկվել է տարիներ շարունակ։ Իհարկե, այս հարցում էական է պետության դերը և պետական ֆինանսավորումը․ հենց գիտության ոլորտ գումարներ ներարկելով է հնարավոր զարկ տալ դրա զարգացմանը, մասնագետներով համալրմանը, գիտական ոլորտի աշխուժացմանը և ոլորտում նորարարություններին և փորձարարություններին;
Այսպիսով ՝ 2023-ի պետական բյուջեյով գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ ավելացել է 155%-ով, 2022-ի համեմատ՝ 21%-ով։ Նշենք, որ 2022-ին գիտության ոլորտի ծախսերը կազմել են 24 միլիարդ 957 միլիոն դրամ։
Ահա վերջին տարիներին գիտության ոլորտում պետական ֆինանսավորման մի քանի կարևոր ցուցանիշներ, որոնք 2022-ի վերջին բարձրաձայնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «2020-ին գիտական սարքավորումների ձեռքբերման վրա պետությունը ծախսել է 717 հազար եվրո։ 2021-ին գիտական սարքավորումների կենտրոնների վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է ավելի շատ գումար, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։ Մինչև 2025-ը նախատեսվում է կրկնապատկել, որոշ դեպքերում եռապատկել 3357 գիտնականի աշխատավարձ՝ ատեստավորման համակարգի ներդրմամբ»։
Վերջին տարիներին գիտության զարգացման ռազմավարության մեջ էական դեր է խաղում ոլորտի հատկապես մի քանի ուղղությունների զարգացումը։ Դրանք են՝ գիտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական և գիտատեխնիկական թեմատիկ հետազոտությունները, ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման գերազանցության կենտրոնների ստեղծումը։
Տարիների ընթացքում տարբեր գործիչներ են իրենց տեսակետները հայտնել ՀՀ-ում գիտության զարգացման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ, շեշտադրել ոլորտը պետական հոգածության ներքո վերցնելու և ոլորտը գերակա ուղղություն համարելու մասին։ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը դեռ 2012-ին, lragir.am կայքին տրված հարցազրույցում գիտության զարգացման ոլորտում պետության դերը բանաձևել է այսպես․ «Սա այն ոլորտը չէ որտեղ կարելի լինի արդարացնել խնայողությունները»։ Մեկ տասնամյակ առաջ բարձրաձայնված լուծումերը արդիական են այսօր ու այս մասին խոսում, քննարկում են նաև իրավասուները։
«Գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, ըստ իս, պետք է լինի ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսի չափով», – նկատել է Սարիբեկ Սուքիասյանը և բացատրել, որ ՀՆԱ-ի նկատմամբ գիտության ֆինանսավորման պակաս շեմը ոչ այլ ինչ է, քան ազգային անվտանգության խնդիր։ Ֆինանսավորման ցածր ցուցանիշներն էլ իրենց միանշանակ զգացնել են տալու, դեռ 2012-ին Սուքիասյանը նկատել է․ «Գիտության մեջ նկատվում է կիրառական գիտության գրեթե վերացում, գիտնականների ծերացում։ Իրավիճակը կարող է շտկվել միայն պետության շեշտակի միջամտությամբ»։
Սարիբեկ Սուքիասյանը գիտական ոլորտի զարգացումը համարել է պետական և մասնավոր սեկտորի համապարփակ փոխգործակցության արդյունք․ «Ֆինանսավորման նշված շեմը՝ ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսի չափով ապահովելուն զուգահեռ՝ ցանկալի է, որ պետությունը խնդիրը քննարկի մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ և տա հստակ երաշխիքներ, որ մասնավոր սեկտորի ներդրումները պաշտպանված կլինեն համապատասխան օրենսդրական դաշտով։ Այս դեպքում մասնավոր սեկտորը խիստ շահագրգռված կլինի ներդրումներ կատարել գիտության ոլորտում»։
Միևնույն ժամանակ գիտության ոլորտում դեռ տարիներ առաջ իր դիտարկումները ներկայացնելիս Սուքիասյանը կարևորել է հետևյալը․ «Ֆինանսավորման ներկայացվող գիտական բոլոր ծրագրերը տեղական փորձաքննության հետ միասին պետք է անցնեն միջազգային փորձաքննություն։ Անհրաժեշտ եմ համարում «Գիտական փորձաքննության մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համապատասխան փորձաքննություն կատարել արտերկրում։ Այս օրենքի ընդունմամբ պետությունը կերաշխավորի, որ փորձաքննությունն արդար է»։
Սարիբեկ Սուքիասյանը գնահատել է նաև գիտնականների ջանքերը, որոնք տարինել շարունակ շրջանցել են դժվարություններ և քայլ առաջ արել դեպի միջազգային ասպարեզ․ «Ճշգրիտ գիտության հայաստանյան ներկայացուցիչները, չնայած իրենց համար դժվար պայմաններին, բավականաչափ ակտիվ են միջազգային ասպարեզում, շատերը տպագրվում են միջազգային հեղինակավոր պարբերականներում»,- նկատենք, որ վերջին տարիներին միջազգային հարթակներում հայկական գիտական ներուժի ներկայացվածությունը նաև պետական քաղաքականության առանցքներից է, քանի որ օրինակ՝ գիտական մենագրությունների հրատարակումը եղել է ֆինանսավորվող ուղղություններից մեկը։
Սակայն Սուքիասյանը մատնանշել է, որ պետք է պետության ձեռքը պահել գիտության որոշ ճյուղերի զարկերակին՝ հանելով դրանք մեկուսացումից․ «Հասարակական գիտությունների, տնտեսագիտական ոլորտներում ամեն տարի ամեն տարի պաշտպանվում են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, սակայն այդ պաշտպանողներից շատերը չգիտեն, որ կան միջազգային պարբերականներ, չգիտեն, թե ինչ մակարդակի վրա է, ասենք, միջազգային տնտեսագիտական միտքը։ Պետք է խրախուսել մեր տնտեսագիտության՝ միջազգային գիտական հոսքին ինտեգրումը, սահմանել մրցանակներ, ստեղծել մրցակցային միջավայր»։