Uncategorized

Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը տեսանելի ակտիվացրել են հիփոթեքային շուկան․ Սարիբեկ Սուքիասյանը՝ ոլորտի զարգացման մեխանիզմների և բանկ-հաճախորդ վստահելի հարաբերությունների մասին

Հիփոթեքային շուկայի զարգացումը սոցիալ-տնտեսական առումով դրական ազդակ է պետության համար։ ՀՀ-ում վերջին տարիներին ՝ հատկապես 2014-ից հետո հիփոթեքային շուկան նոր դինամիկա ստացավ՝ պայմանավորված հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի ներդրմամբ։ Ծրագրով հնարավորություն տրվեց քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկն ուղղել առաջնային շուկայից ձեռք բերված հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։

ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի աճ: 2022 թվականի ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։

2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։

Այն, որ հիփոթեքային վարկերի շուկայում անցած տարի գրանցվել է ակտիվություն, վերջերս ԱԺ ամբիոնից հայտնեց նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հայտարարելով․ «Կենտրոնական բանկը վերջին երկու տարվա ընթացքում վարել է զսպող վարկային քաղաքականություն։ Բնականաբար,Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման, ներառյալ նաև հիփոթեքային վարկերը։ Սակայն, հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը դեռ տարիներ առաջ` 2018-ի հոկտեմբերին տրված հարցազրույցներից մեկում՝ անդրառնալով կառավարության կողմից շինարարական ոլորտն ու հիփոթեքային շուկան ակտիվացնելու ուղղությամբ իրականացվող քայլերին ընդգծել է․ «Կառավարության կողմից ձեռնարկված քայլերն իսկապես տեսանելի ակտիվացրել են հիփոթեքային շուկան։ Մեր բանկի կողմից նույնպես որոշակի քայլեր են ձեռնարկվում՝ այս ուղղությունը զարգացնելու նպատակով։ Բանկը հատուկ պայմաններով ֆինանսավորում է շինարարական կազմակերպություններին, աշխատում է վարկավորման պետական բոլոր ծրագրերի շրջանակներում»։

Սարիբեկ Սուքիասյան

Նշված հարցազրույցում խոսելով ոլորտի ակտիվացմանը միտված ծրագրերի մասին Սուքիասյանը նշել է․ ««Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն ու «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն գործարկեցին մի համատեղ նախագիծ, որը հիփոթեքային վարկի համար դիմող հաճախորդներին ընձեռեց հիփոթեքային վարկի կանխավճարի նախկին 30 տոկոսի փոխարեն միայն 10 տոկոսն ապահովելու հնարավորություն։ Կանխավճարի չբավարարող 20 տոկոսի փոխարեն հաճախորդը կատարում է կանխավճարի ապահովագրություն «Սիլ Ինշուրանսի» միջոցով։ Լրացուցիչ գույք գրավադրելու անհրաժեշտություն չի առաջանում»։

Ստեղծված պայմաններում՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կարևորել է բանկ-հաճախորդ կայուն հարաբերությունների զարգացումը․«Այսօր հաճախորդը պիտի ավելի գրագետ և տեղեկացված լինի, որպեսզի ճիշտ կարողանա մեկնաբանել ու հասկանալ բանկերի հետ կնքվող պայմանագրերի դրույթները, չտարվի տարբեր բանկերի կողմից թվացյալ հրապուրիչ առաջարկներով, որոնք քողարկված ենթատեքստ ունեն»։

Սուքիասյանը հայտնել է մտահոգություններ, որոնք տարիներ անց էլ դեռ պահպանում են արդիականությունը․ «Հաճախորդները հաճախ են տարվում ավելի ցածր տոկոսադրույքով վարկավորելու գայթակղությամբ, անգամ «գլխի չընկնելով» որ այդ պարագայում նրանք հիմնականում վճարում են հավելյալ միջնորդավճարներ։ Ցավոք, որոշ բանկեր իրենց գովազդներով, հայտարարություններով հաճախորդին ապակողմնորոշող տեղեկատվություն են տրամադրում, նրանց կողմից տարածվող գովազդները երբեմն թյուր ենթադրությունների պատճառ են դառնում, իսկ «լավագույն բանկ», «առաջին բանկ» և նմանօրինակ այլ արտահայտություններ պարզապես կարող են մոլորեցնել հաճախորդին»։

Սարիբեկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ բանկերի հետ հարաբերություններում կարևոր է հաճախորդի ֆինանսական գրագիտության աստիճանը․«Կարևոր է նաև բանկերի տարբեր ցուցանիշների գրագետ վերլուծությունը, ինչը թույլ է տալիս ճիշտ գնահատել բանկի իրական դիրքերը, այլ ոչ թե հիմնվել գովազդի վրա։ Բանկերն էլ պետք է օգնեն հաճախորդներին ճիշտ որոշումներ կայացնել սեփական ֆինանսները տնօրինելիս՝ խուսափելով անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառումից»։

1991-ից գործունեություն ծավալով «Հայէկոնոմբանկ»-ը՝ որպես նորաստեղծ հանրապետության առաջին բանկ, հիմնադրումից տարիներ անց էլ, Սարիբեկ Սուքիասյանի խոսքով, մրցակցության պայմաններում երբեք շուկայում հարձակողական և ագրեսիվ չի եղել․ ««Նպատակն արդարացնում է միջոցները» գաղափարաբանությունը երբեք իմ և բանկի ղեկավարության տեսլականը չի եղել։ Մենք կողմնակից ենք առողջ մրցակցությանը և ինձ համար պարզապես անընդունելի է շուկայի կանոնների խախտմամբ, շուկան «փչացնելու» միջոցով շահույթ ստանալու մոլուցքը»։

Սուքիասյանը նկատել է նաև, հիմա,երբ բանկերի դերը երկրների սոցիալ-տնտեսական կյանքում էական դեր ունի, կան սկզբունքներ, որոնք խախտել չի կարելի․ «Ես չեմ համարում, որ դեմպինգի միջոցով հաճախորդների ներգրավումը, վատ գործարար համբավ ունեցող ռիսկային հաճախորդների համար գործարքների իրականացումը, երբեմն նաև գրեթե անվճարունակ հաճախորդների վարկավորումը բանկի կայուն զարգացման և հաստատուն աճի ճշմարիտ ուղին են։ Չմոռանանք, որ դա առաջին հերթին վնասում է բանկային ավանդներ ունեցող և մեզ վստահող հաճախորդներին»։

«Բանկերն ունեն իրենց ներքին հսկողական մեխանիզմները, այդ հսկողության համար պատասխանատու օղակներ։ Տարիներ շարունակ մենք հատկապես մեծ կարևորություն ենք տվել այդ մեխանիզմների կիրառմանը և հետագա տարիների զարգացման ծրագիրը կառուցել՝ հիմքում դնելով ռիսկերի ճիշտ գնահատումը։ Ռիսկերին համաչափ աճ, այլ ոչ թե այժմեական շահույթի ակնկալիք, ահա սա է կայուն հաջողության գրավականը»,- նկատել է Սարիբեկ Սուքիասյանը։