Uncategorized

Ներդրողը միշտ ցանկանում է ներդրում կատարել այն երկրում, որտեղ օրենքները չեն խոչընդոտում բիզնեսի զարգացմանը. Սարիբեկ Սուքիասյանը՝ ՀՀ-ում ներդրումների խթանման մեխանիզմների մասին

Անցած տարի՝ 2022-ին ՀՀ-ում կատարված ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտ 20%-ը: Վերլուծելով արձանագրված ցուցանիշները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամիսներ առաջ հայտարարեց․ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022-ին համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 միլիարդ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թ-ի և նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար»։

Վարչապետը ներդրումների ներգրավման չդադարող տեմպի պահպանման հարցում հատկապես կարևորել է ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան:

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով էլ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմում են 33 միլիարդ 362 միլիոն դրամ։ 2023-ի հունվար-մարտին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղղակի ներդրումներն աճել են շուրջ 10 միլիարդ 928 միլիոն դրամով:

Ներդրումներին ներգրավման ռազմավարական նշանակությունից ելնելով էլ ՀՀ-ում վերջին տարիներին գործունեություն է ծավալում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ աշխատանքի առանցքում ունենալով ՀՀ-ի հանդեպ ներդրողների հետաքրքրվածության բարձրացումը։ Հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներդրողներին Հայաստան են բերում մի քանի գործոններ, այդ թվում՝ ներդրումային դաշտը կարգավորող օրենսդրությունը, շարունակաբար բարելավվող հարկային դաշտը, մեր երկրի կողմից վարվող բազմավեկտոր առևտրատնտեսական հարաբերությունները։

Այն, որ դեպի ՀՀ ներդումների ներգրավման խթանումը  ռազմավարական նշանակություն ունի, տարբեր ժամանակներում՝ բարձրաձայնել են բազմաթիվ գործիչներ։

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը դեռ 2018-ին տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ-ի կողմից  վարվող ներդրումային քաղաքականությանը․ «Մեծ հնարավորություն ունենք Հայաստանը ներդրողների համար հրապուրիչ հարթակ դարձնելու համար։ Տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության շնորհիվ մեր երկիրը միջազգային հարթակներում բարձր վարկանիշ ունի և այդ հանգամանքը պետք է օգտագործել ի շահ տնտեսության զարգացման և քաղաքացիների բարեկեցության»։

Սարիբեկ Սուքիասյան

Սուքիասյանը նկատել է նաև, որ ներդրումների ներգրավումը պետության կողմից պահանջում է համակարգային աշխատանք՝ տարբեր արդյունավետ գործոնների մեկտեղում․ «Միայն երկրի ներքաղաքական  կայունությունը կամ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը բավարար չեն ներդրումները խթանելու համար։ Պետք է կարևորել հարկատեսակների կրճատումը, կոնսոլիդացնել դրանք՝ հնարավորինս պարզեցնելով հարկերի վճարման մեխանիզմները»։

Սարիբեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ ցածր հարկերը, հարկերի իջեցումը լավ խթան են ներդրումներ ներգրավելու և,հետևաբար, հարկատուների քանակն ավելացնելու համար։

«Ներդրողը միշտ ցանկանում է ներդրում կատարել այն երկրում, որտեղ օրենքները չեն խոչընդոտում բիզնեսի զարգացմանը և կա վստահություն առ այն, որ այդ օրենքներն առնվազն 5-10 տարի փոփոխության չեն ենթարկվի»,- ընդգծել է Սուքիասյանը։  

Նա նկատել է նաև, որ սովորաբար քաղաքական դաշտում դրական փոփոխություններն օտարերկրյա ներդրումների համար ստեղծում են նոր ու առավել մեծ հնարավորություններ․ «Մենաշնորհների դեմ պայքարը, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը, գործարարների համար բարենպաստ դաշտի ապահովումն այսօր շատերին ստիպում են սեփական բիզնեսն ունենալ կամ մտածել առկա բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու մասին»։

Սուքիասյանի դիտարկմամբ՝ պետության ներսում իրականացվող դրական փոփոխությունները ստեղծում են ամուր կապ` տնտեսական ոլորտի և բանկային համակարգի միջև․ «Տեղի ունեցող դրական փոփոխությունները նպաստում են տնտեսական ակտիվության բարձրացմանը, իսկ ինչպես գիտեք, իրական հատվածի ակտիվությունն էլ անկասելիորեն հանգեցնում է բանկային համակարգի ակտիվության մեծացմանը»։