Uncategorized

Գողացված հաղթանակ

Բաց նամակ
Գողացված հաղթանակ

Հարգելի խմբագրություն, արդեն երկու ամիս է անցել Աժ ընտրություններից, եւ թվում է, թե իմ այս նամակն ուշացած է, բայց նկատի ունենալով, որ այդ ընտրությունների հետեւանքներն ուղեկցելու են մեզ առաջիկա տարիներին, անհրաժեշտ եմ համարում վերստին անդրադառնալ դրանց եւ որոշ ընդհանրացումներ անել: Մանավանդ, որ ինքս ներգրավված եմ եղել ընտրական գործընթացում:

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մեծամասնական ընտրակարգով ամենաթեժ պայքարը ծավալվեց թիվ 10 ընտրատարածքում: Բարձր էին գնահատվում Սարիբեկ Սուքիասյանի հնարավորությունները, սակայն, ձայների հաշվարկից հետո, պարզվեց, որ անվավեր է ճանաչվել 2340 քվեաթերթիկ, եւ նրա մրցակցի օգտին գրանցված քվեները ավելի են ընդամենը 430-ով: Շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչ կատարվեց քվեարկության օրը. ինչպես կարող էր անվավեր քվեաթերթիկների թիվը վեց անգամ գերազանցել թեկնածուների օգտին գրանցված քվեների տարբերությունը:

Ակնհայտ է, որ այդ արտառոց արդյունքն ապահովել է կեղծարարների կազմակերպված խումբը: Համոզված եմ, որ եթե լիներ ավելի ակտիվ մասնակցություն, եւ Սուքիասյանի օգտին քվեարկեր ոչ թե 16 հազար, այլ, ասենք, 20 հազար ընտրող, անվավեր կճանաչվեր ոչ թե 2340, այլ 5000 քվեաթերթիկ: Ոչ մի ընտրատարածքում նման խայտառակ պատկեր չի գրանցվել: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ կատարվել է անմաքուր ընտրություն: Ավելին, ոչ թե ընտրություն է կատարվել, այլ տեղի է ունեցել կեղտոտ ընտրախաղ: Տրամաբանություն չկա, որ 2300 մարդ նպատակասլաց գնա ընտրության եւ նույն նպատակասլացությամբ փչացնի քվեաթերթիկները: Կեղծարարները խորը վիրավորանք են հասցրել ոչ միայն Սուքիասյանին, այլեւ նրա ընտրողներին, քանի որ դրանք եղել են նրա ընտրողների քվեները:

Թերեւս, տրամաբանական կլիներ, եթե Սուքիասյանը բողոքարկեր ընտրության արդյունքները, բայց այդ բողոքարկումը ավելին չէր տա, քան այն, որ եւս մի անգամ բացահայտվելու էր արդեն իսկ բացահայտ բանը: Ի սկզբանե կանխատեսելով այս ամենը, շատերն այն կարծիքին էին, թե Սարիբեկ Սուքիասյանը պիտի ընդհանրապես չառաջադրվեր: Առաջադրվելու շարժառիթների մասին մեր թեկնածուն շատ է խոսել, դա համարելով իր քաղաքացիական պարտքը: Համոզված եմ, որ Սարիբեկ Սուքիասյանն ուներ հաղթելու բոլոր նախադրյալները, եւ իր թիմի հետ միասին նա իրացրեց դրանք: Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ պայքարելու ենք նաեւ անազնվության դեմ, սակայն տրամաբանական կլիներ, եթե այդ անազնվությունը սահման ունենար ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խոստումների ֆոնին: Մինչդեռ պարտվեց առողջ տրամաբանությունը, եւ սա է հասարակության առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերը:

Սարիբեկ Սուքիասյանը եւ իր թիմը ընտրությունը չէին համարում կենաց եւ մահու պայքար, որտեղ ընդունելի լիներ ցանկացած մեթոդ՝ բաղձալի արդյունք ապահովելու համար: Դրա վկայությունն էր քաղաքակիրթ քարոզարշավը: Քարոզարշավի սկզբից մինչեւ վերջ թիմը տրամադրված էր անցկացնելու օրինակելի ընտրություն, բացառելով ամենաչնչին օրինազանցությունը:

Մեծագույն հարգանքի են արժանի բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք չենթարկվեցին ճնշումներին եւ քվեարկեցին բացառապես իրենց ազատ կամքով: Այդ կամքը երբեք չի կոտրվելու, չի նահանջելու, գնալով հզորանալու է եւ ի վերջո դառնալու է տիրապետող: Պարտադրանքին, սպառնալիքներին, կեղծարարություններին այլ բան չի հակադրվել, քան ազնվությունը, բարեկրթությունը, պարկեշտությունը: Արժեքներ, որոնք պիտի ուղեկցեն ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին իրենց ամբողջ կյանքում, եւ որոնք երբեւէ չպիտի ստորադասվեն որեւէ նպատակի:

Բացի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելուց, Սարիբեկ Սուքիասյանը, ինչպես հայտնի է, ընդգրկված էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում: Գոնե նախընտրական շրջանում այդ հանգամանքը կրկնապատկում էր հավանականությունը, որ նա կընտրվի պատգամավոր: Թիվ 10 ընտրատարածքում, պաշտոնական տվյալներով, Կոնգրեսի օգտին գրանցվեց 16 տոկոս: Եթե չկեղծվեր, եւ այս ցուցանիշը գրանցվեր մնացած ընտրատարածքներում եւս, ապա Կոնգրեսը կունենար ոչ թե 7, այլ ավելի շատ պատգամավոր: Սարիբ՛եկ Սուքիասյանի համար, սակայն, գերխնդիրը մանդատ ստանալը չէր: Ընտրության նախօրեին նա իր թիմին ասաց, որ համամասնականով ընտրվելու դեպքում ինքնաբացարկ է հայտնելու: Նա առավել կարեւորում էր իր ընտրությունը մեծամասնականով, խնդիրը թիվ 10-ում հաղթելն էր: Ու եթե այդ հաղթանակը գողացվեց, դա չի նշանակում, թե հաղթողը փոխվեց: Դա այդպես էլ կոչվում է` գողացված հաղթանակ:

Ուստի տարակուսելի է, որ մեծամասնական ընտրակարգով նրա մրցակիցը հայտարարում է, թե ինքը Սուքիասյանների բարեկամն է: Ինչպե՞ս կարող է բարեկամը` բարեկամի հետ մրցակցելիս ապավինել կեղծիքներին: Թող բարի լիներ՝ ապավիներ բացառապես իր արժանիքներին, հարգեր քաղաքակիրթ եւ արդար ընտրությունների կանոնները: Հակված էինք կարծել, թե նա պատվախնդիր, սոլիդ թեկնածու է, բայց, ցավոք, թույլ տվեց, որ իր փոխարեն ուրիշները որոշեն, թե ինչով է զբաղվելու այսուհետ: Նրա մանդատի համար պայքարել է կեղծարարների կազմակերպված խումբ, բանդա ¥Չոռնի Գագոն եւ իր 40 ավազակները¤, որն այդ մանդատը մատուցել է իրեն: Նշված անձնավորությունը 9-րդ եւ 10-րդ ընտրատարածքներում այնքան ակտիվորեն ուղղորդեց ընտրակեղծիքները, որ ի վերջո արժանացավ նախարարի պորտֆելի: Կյանքը շարունակվում է, եւ յուրաքանչյուրը հասարակությանը ներկայանում է իր նկարագրով:

Մենք շարունակ խոսում ենք կեղծիքների անթույլատրելիության մասին, բայց շարունակ բախվում ենք նույն իրողությանը, առայժմ չկա շոշափելի արդյունք, ասես` հասարակությունը հայտնվել է փակուղու մեջ, որից ոչ մի ելք չի նշմարվում: Բնության մեջ, սակայն, բացառվում է, որ այդքան մռայլ ամպեր կուտակվեն, այդքան քամիներ փչեն, եւ կայծակ ու ամպրոպ չլինեն: Փոխաբերական իմաստով եմ ասում, բայց սա է լինելու հանգուցալուծումը. կայծակի մի զարկով վերջ է տրվելու կեղծիքներին ու կեղծարարներին, եւ անձրեւը մաքրելու է բոլոր հետքերը:

Վահագն Մելքոնյան
Զավարյան փող. 2, բն. 58

ՀԺ -Հուլիս 11, 2012