Միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ, Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումները նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկ զեկույցի` իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին՝ պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցների:
Զեկույցում կատարված վերլուծությունը վկայում է ընտրակեղծիքների մի քանի տեսակների գոյության մասին, որոնք, միասին վերցված, ունակ էին փոփոխելու 2012 թ. ընտրությունների արդյունքները.
- զանգվածային կերպով ուռճացված ընտրողների ցուցակներ և, արդյունքում, ուռճացված մասնակցության տոկոս,
- ընտրակեղծիքների ձևերի փոփոխում, երբ ընտրական տեղամասերից դուրս կատարվող կեղծիքները, այդ թվում` ընտրակաշառքը, ահաբեկումը և կեղծ քվեարկությունը լայն տարածում են ստանում,
- ձայների հաշվարկի հետ կապված էական ծավալի ընտրակեղծիքներ, որոնք հատկապես ակնառու են Երևանից դուրս գտնվող ընտրատեղմասերում:
PFA զեկույցը ցույց է տալիս, որ մասնակցության ուռճացման հանգեցնող ընտրակեղծիքի հիմնական շահառուն իշխող կուսակցությունն է: Զեկույցում քննության առնված տվյալները ցույց են տալիս, որ ընտրակեղծիքների մեխանիզմները գնալով ավելի ու ավելի կատարելագործվում են, ինչը դժվարացնում է միջազգային դիտորդների կողմից դրանց հայտնաբերումն ու արձանագրումը և համահունչ է ահագնացող արտագաղթի և աճող սոցիալական բևեռացման հետ:
Մինչ վերոհիշյալ ընտրակեղծիքների համար մեղքի մեծագույն մասնաբաժինն ընկնում է իշխող ռեժիմի ուսերին, ընդդիմադիր կուսակցությունները ևս ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Կաթվածահար՝ ռեժիմի հուժկու փիառ համակարգից և անկարող՝ գտնելու նորարարական լուծումներ` նրանք չեն կարողանում կանխարգելել պետության անկումը կակիստոկրատական ուղով արժանահավատ ելք առաջարկելու միջոցով: Ընտրությունից ընտրություն նրանք դե ֆակտո լեգիտիմացնում են խորապես արատավոր և միանգամայն կանխատեսելի գործընթացը` առանց առաջարկելու վստահելի այլընտրանքներ: Արդյունքում, ընտրությունները դարձել են խորապես անկարևոր և պետք է, թերևս, վերագնահատվեն իրավազուրկ մեծամասնության կողմից՝ որպես պետության կառավարման գործնթացում մասնակցության միջոց:
Այս զարգացումները հուսախաբ են արել քաղաքացիներին ընտրությունների հարցում և ստիպել են նրանց կա՛մ ամբողջովին հրաժարվել դրանցից, կա՛մ փնտրել ոչ ավանդական ուղիներ ահագնացող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
Վերջերս անկախ մտավորականների և քաղաքացիական ակտիվիստների կողմից հռչակված «նախախորհրդարանի» ստեղծումը, որը մի անկյունաքար է մոտ ապագայում անցկացվելիք այլընտրանքային ընտրությունների ոլորտում, կարող է լինել այն ելքը, որի ակնկալիքը հայ հասարակությունում ունեն շատերը: Այդուհանդերձ, հասարակությունն ինքը պետք է փորձի գտնել ինքն իրեն: Ինչո՞ւ են մարդիկ վերցնում ընտրակաշառք և թույլ տալիս, որպեսզի իրենց ահաբեկեն մի կուսակցության ընտրելու համար: Եթե նրանք վերցնում են ընտրակաշառք, ի՞նչն է, որ թույլ չի տալիս նրանց ընտրելու այնպես, ինչպես իրենք են կամենում: Որքանո՞վ կարող է ընտրակաշառքի դիմաց տրված քվեն ազատ համարվել: Այն դեպքում, երբ ընտրակեղծիքներն արվում են հիմնականում ընտրական տեղամասերից դուրս և ընդունում կամավոր ձևեր, օրինակ` ձայներ գնելը, կարելի՞ է արդյոք կեղծված ընտրություններ անցկացնելու համար մեղքը բարդել միայն ընտրական վարչակազմի վրա: Ինչպե՞ս կարելի է խախտել ընտրակաշառքի մշակույթի և վատ կառավարման վերարտադրվող պարբերաշրջանը:
Մի բան պետք է անպայմանորեն հաշվի առնել. ավելի մաքուր ընտրությունների հասնելն ինքնանպատակ չէ: Առավել լավ ընտրությունները, թերևս, կհանգեցնեն առավել ամուր սոցիալական համերաշխության և առավել լավ կառավարման, որոնք զարգացման և առաջընթացի ամենակարևոր բաղադրիչներն են:
2012 թ. մայիսի ընտրություններից առաջ հրապարակած զեկույցում PFA-ը նշում էր, որ «երկրին սպառնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանությունների ձևավորմամբ, որոնք կկարողանան Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր քաղաքական կուրսը։ Գալիք պառլամենտական ընտրությունը տալիս է հնարավորության այդ պատուհանը։ Բնակչության կողմից իր ազատ կամքի դրսևորման և բարոյական արդարության մթնոլորտի ստեղծումը կնպաստի հանրային վստահության ամրապնդմանը, որն այլ հավասար պայմաններում ձեռնարկվելիք միջոցառումները կդարձնի ավելի արդյունավետ»:
PFA-ն արձանագրում է, որ սա տեղի չունեցավ: Սակայն, դեռևս վաղ է ամբողջությամբ գնահատել 2012 թ. ընտրությունների անդրադարձները Հայաստանի ապագայի առումով: Մի բան պարզ է. ռեժիմի վարած քաղաքականության հանդեպ մարդկանց համբերությունը լցվում է, և սա կարող է լինել փոթորկին նախորդող անդորրը: