Հարցազրույց

Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույցը «ARARAT» ամսագրի 20-րդ համարում

Պրն. Սուքիասյան, արդյո՞ք կարելի է համարել, որ հարաբերական նոր սկիզբ եք նախանշում Ձեր ծրագրերում:

Ընդունեք` ինչպես ուզում եք: Բայց հասարակությունը լավ գիտի` ես երբեք հեռու չեմ եղել քաղաքականությունից, պարզապես ժամանակն է եկել ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ինքս բանվորից եմ հասել այն ամենին, ինչ ունեմ, և այսօր պատրաստ եմ իմ ուժն ու հնարավորությունները ներդնել հասարակության ձայնը լսելի դարձնելու համար:

Ինչպե՞ս ընդունեցիք Ձեր որոշումը` առաջադրվել Խաչատուրի փոխարեն:

Քաղաքացիները միշտ հակված են արժանի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում, քվեարկել վստահելի մարդու օգտին: Հասարակությունը ճանաչում և վստահում է Խաչատուրին, և երբ նրան չգրանցեցին, դա ինձ մտածելու լուրջ առիթ տվեց: Հանգեցի այն եզրակացությանը, որ մեր ընտանիքի` տարիներով կուտակած հարգանքը արդեն ես կարող եմ վերադարձնել ժողովրդին:

Ձեզ համար պատգամավորի օրինակելի տիպարը:

Ինձ համար պատգամավորի լավագույն օրինակն իմ ավագ եղբայրն է` Խաչատուրը: Ջանք չեմ խնայի` չզիջելու նրան: Միաժամանակ ինձ համար կան մի շարք անխախտ սկզբունքներ: Երբեք չեմ անի այն, ինչ ընտրողներիս համար ընդունելի չէ: Չեմ սեղմի քվեարկության կոճակն ուրիշի փոխարեն, անհարկի չեմ բացակայի ԱԺ նիստերից, պատգամավորական մանդատս իմ շահի համար չեմ օգտագործի: Չեմ արժեզրկի պատգամավորի անունը երբևիցե: Եվ ամենակարևորը` չեմ ցանկանում ոչ լեգիտիմ պատգամավոր դառնալ:

Պրն. Սուքիասյան, 15 և ավելի տարի է` աշխատում եք բանկային համակարգում: Դժվա՞ր չէ թողնել այդ ոլորտն ու անցնել քաղաքական դաշտ:

Այո, արդեն 15 տարի է` “Հայէկոնոմբանկի” խորհըրդի նախագահն եմ: Բայց հնարավոր փոփոխությանը դժվարությամբ չէ, որ համաձայնվել եմ: Բանկային ոլորտն արդեն բավականին լավ վիճակում է: Ինձ հաջողվել է իմ ղեկավարած բանկը փրկել սնանկությունից, հասցնել զարգացման լուրջ աստիճանի: Հիմա կարելի է տնտեսության մեջ առկա բազմապիսի այլ հարցերի լուծմանն անցնել, իմ փորձն ու գիտելիքներն ուղղել այլ ոլորտներ:

Նոր խորհրդարանի ձևավորման արդյունքում տնտեսական քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում: Որո՞նք են այն խնդիրները, որոնց, ըստ Ձեզ, պետք է լուծում տրվի հրատապ, առաջնահերթ:

Ես մի քանի կարևոր խնդիր կառանձնացնեմ, որոնց լուծման համար, իհարկե, առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր: Առաջնահերթ է միջին խավի ստեղծումը, ինչն անկախացումից ի վեր չի հաջողվում:

Արտագաղթն այսօր լրջագույն խնդիր է դարձել մեզ համար: Այն պետք է կանգնեցնել անհապաղ` վստահություն ներշնչող, արդյունավետ միջոցներով: Եվ դրա առաջին քայլն արդար ընտրությունների անցկացումն է: Ինչպե՞ս կարող է մարդը հավատալ, երբ իրենից խլում են ընտրության իր իրավունքը:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 120-150 հազար դրամ` մոտեցվի միջին աշխատավարձին:
Պետք է վերանայվեն սպառողական զամբյուղի հաշվարկները, դրանք մեզ մոտ սխալ են: Չգիտեմ` մեր պետական չինովնիկները որտեղից են վերցրել այդ թվերը, որ այդպես են հաշվել: Մարդիկ այդ գումարով չեն կարող ապրել:
Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ավելացված արժեքի հարկը պետք է իջեցնել մինչև 12 տոկոսի:
Հագուստի և կոշկեղենի արտադրությունը և դրանց հումքի ներկրումը պետք է հարկվի զրոյական դրույքաչափով: Այս ոլորտում զարգացման լուրջ հեռա- նկարներ ունենք:
Ստվերի վերացման ամենակարևոր պայմաններից մեկն էլ հարկային վարչարարության բարելավումն է ու հարկային բեռի հավասարաչափ բաշխումը:
Հայաստանում, ցավոք, արդար մրցակցության դաշտը ձևավորված չէ: Համեմատաբար բարվոք միակ ոլորտը բանկայինն է:
Սրանք հարցեր են, որոնք կարելի է կարգավորել, փոխել իրավիճակն ու մի օր արթնանալ արդեն այլ, նոր Հայաստանում:
Մենք կտրուկ ցատկ մինչև հիմա չենք ունեցել տարբեր պատճառներով: Բայց առանց լրջագույն բարեփոխումների հնարավոր չի զարգացնել մեր երկիրը, լուծել Հայաստանի և ժողովրդի անվտանգության խնդիրները: Մենք ունենք ոլորտներ, որոնք հնարավոր է արագ բարեփոխել` ստեղծելով նոր աշխատատեղեր, ավելացնելով բյուջետային մուտքերը և այլն:

Որքանո՞վ են իրատեսական տնտեսական Ձեր առաջարկները:

Համոզված եմ` բոլոր թվարկված նախաձեռնությունները կարելի է կյանքի կոչել և նույնիսկ իմ առաջարկը` ավելացված արժեքի հարկն իջեցնել մինչև 12 տոկոս, այսպես ասած, ծանր չի նստի բյուջեի վրա: Առաջին հերթին պետության պարտավորությունն է` հոգ տանել իր ամեն մի քաղաքացու նկատմամբ: Առանց սոցիալական բարեկեցության ծրագրեր կյանքի կոչել չես կարող, որքան էլ դրանք լավը լինեն:

4 եղբայր եք, Ձեր հայրն էլ միշտ ձեզ հետ ու ձեր կողքին է եղել: Եղբայրների մեջ առաջնորդի դերն ինչ-որ մեկին վերապահվա՞ծ է, թե՞ ամեն մեկն իր հերթին առաջնորդ է:

Հայրս շատ խիստ ու պահանջկոտ էր մեր նկատմամբ: Նա առաջին հերթին ցանկանում էր, որ մենք գիտելիք ձեռք բերենք: Համալսարանից հետո էլ մեզ պարտադրում էր պարզ բանվորական աշխատանքից սկսել: Ուսանողական տարիներին դասերից հետո մենք հաստոցի կողքն էինք կանգնում` չնայած այն տարիներին արդեն շատ բարեկեցիկ էինք ապրում: Հայրս մեզ սովորեցնում էր, որ ինքներս պետք է կարողանանք մեր հացը վաստակել: Եվ մենք դարձանք այդ սկզբունքի “գերին”:

Բայց պետք է ասեմ, որ եղբայրներից Խաչատուրն է ավագը և նրան էր տրված մեծի իրավունքը: Նա, իրոք ավագ եղբայր է բառի ավանդական, լավ իմաստով, և մյուսներիս համար վաղ մանկությունից, որպես կանոն, չափանիշ են եղել նրա մտածելակերպը, վարքի սկզբունքները, արարքները:
Հենց նա էլ հետագայում մեր մեջ ամրապնդեց ազատ ապրելու գաղափարը, ազատ շուկայական հարաբերությունների կարևորության գիտակցումը: Այս ամենն ավելացավ մեր աշխատասիրությանը, և հաջողությունն արձանագրվեց:


Դուք 4 եղբայրներով տարբեր ոլորտներում եք ընդգրկված, ղեկավարում եք “ՍԻԼ Կոնցեռնի” մեջ ընդգրկված տարբեր ձեռնարկությունները: Ձեր միջև հարաբերություններում ի՞նչն է գերիշխում` մրցակցությո՞ւնը, թե՞ աջակցությունը միմյանց: Պատահո՞ւմ է, որ նախատեք իրար: Սուր քննադատություններ, բանավեճեր լինո՞ւմ են:

Մենք բոլորս մի շենքում ենք ապրում: Դա հորս կամքն էր: Հանդիպում ենք ամեն օր, քննարկում անցնող օրը, մեկս մյուսի կյանքով ապրում: Միմյանց հետ շատ կապված ենք: Ամեն մեկս յուրօրինակ տրամաբանություն ունենք, բայց նույն շնչով ենք շնչում: Իհարկե, նաև սուր քննադատություններ են լինում, որոնց պատճառով երբեք միմյանցից չենք նեղանում: Այս ամենում անչափ շատ է օգնում մեր ծնողների` մեզ տված դաստիարակությունը: Նույնը փոխանցում ենք մեր երեխաներին: Հաջողվում է, ինչու ոչ: Ես հաճույք եմ ստանում ընտանիքիս հետ ազատ ժամանակն անցկացնելով: Ընտանիք ասելով` նկատի ունեմ բոլորին, նաև եղբայրներիս ընտանիքների անդամներին: Դա ինձ հանգստացնում է, թույլ է տալիս առավել հավասարակշռված որոշումներ կայացնել:
Ո՞րն է Ձեր ընտանիքի հաջողությունների գրավականն ու բանալին:

Մեր ընտանիքը միշտ աշխատասեր է եղել: Դա եղել է իմ ծնողների դրվածքը, իմ խստապահանջ հոր պահանջը: Կարծում եմ` այդ ավանդույթը մենք պահպանել ենք: Հորիցս հետո այդ իրավունքներն անցել են Խաչատուրին: Տարբերությունն այն է, որ մենք այսօր ավելի փորձառու ենք, այսօրվա աշխարհի պահանջներին համահունչ ենք ընթանում:
Հաջողության առաջին պայմանը ձգտումն է` անձամբ հարթելու սեփական ուղին: Պարտադիր է կրթություն ստանալ, հստակեցնել` ուր ես ուզում գնալ: Ինքնազարգացմամբ է պետք զբաղվել, մշտապես շփվել տարբեր մարդկանց հետ: Եթե դու հասարակության մեջ ընդունված չլինես, ուրեմն դատապարտված ես անհաջողության: “Երբևէ ժողովրդին հակառակ չգնալ”. սա իմ հոր ամենակարևոր պատվիրաններից մեկն է, որին մենք եղբայրներով չենք դադարում հետևել:

Ձեր ընտանեկան երջանկության գրավականը ո՞րն եք համարում:
Միասնությունն ու սերը:

Երբևէ Ձեր ապագան պատկերացրե՞լ եք հայրենիքից դուրս, այլ երկրում, որտեղ գուցե չհանդիպեք այնպիսի խնդիրների, որպիսիք Հայաստանում են առկա:

Ոչ: Ես երբեք ինձ Հայաստանից դուրս չեմ պատկերացնում: Եթե անկեղծ լինեմ` այլ երկրներն ինձ համար միայն գործնական ու զբոսաշրջության վայր են: Հայաստանից դուրս ինձ համար գեղեցկություն չկա: Այն միջավայրը, որտեղ ես ապրում և աշխատում եմ, ամենից թանկն է ինձ համար:

Ինչպիսի՞ն են Ձեր հույսերն ու կանխատեսումներն առաջիկայում երկրի զարգացման առումով:

Իհարկե, իրավիճակն երկրում այսօր տխուր է: Մարդիկ շատ դժվար են ապրում, դժվարությամբ աշխատանք գտնում, աշխատավարձը չի բավարարում: Բայց պետք չէ հուսահատվել: Դրա համար էլ մենք ուզում ենք մարդկանց կողքին լինել մեր գիտելիքներով ու փորձով, որ մարդիկ չլքեն երկիրը:
Կարծում եմ` ՀԱԿ-ի ստեղծումն ու գործունեությունը բարձրացրեց մարդկանց քաղաքացիական ակտիվությունը: Քաղաքացին այսօր ավելի ազատ է որոշելու, թե ում օգտին պետք է քվեարկի: Չեմ կարող ասել, որ շատ շուտով մի գեղեցիկ առավոտ կարթնանանք բարեփոխված Հայաստանում, բայց հույս կա, լավատեսություն` նույնպես:

Ո՞ր գույներն են, որոնցով տեսնում եք Հայաստանի այսօրն ու վաղը:

Եթե մենք չենք կարողանում մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի համար բարեկեցիկ կյանք ապահովել, երբ մարդն իր հացի, իր ուսման հարցը չի կարողանում լուծել, նշանակում է ներկայում գորշն է գերակշռում: Սակայն մեր երիտասարդության վառ դեմքերը, ազատ մտածելակերպն ու ձգտումները տեսնելով` վաղվա գույնը կընտրեի նարնջագույնը, արևի գույնը` լուսավոր…

Ինչո՞ վ եք բացատրում Ձեր այդ լավատեսությունը:

Շատ խելացի գեն ունի հայը: Նա կարող է ամենամեծ բարձունքներին հասնել, եթե ինքնադրսևորման հնարավորություններ ունենա: Հենց այդ հնարավորությունները պետք է մենք տանք ինքներս մեզ:

Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր տեսակը շատ լավն է, միայն թե մտածողության փոփոխության կարիք ունենք:

Ծանրաբեռնված առօրյայի մեջ նախասիրություններին ժամանակ մնո՞ւմ է:

Սիրածս զբաղմունքը հետաքրքիր զրուցակցի հետ շփվելն է: Փորձում եմ ետ չմնալ մշակութային նորություններից: Բայց, այնուամենայնիվ, իմ ամենամեծ նախասիրությունն իմ աշխատանքն է: Իմ աշխատանքից ու իմ ընտանիքից առավել, կարող եմ ասել, ոչինչ չկա:

Ո՞րն է այսօր Ձեզ ամենամտահոգող խնդիրը:

Ցանկանում եմ, որ ապրենք մեկ այլ Հայաստանում, որտեղ ոչ մեկը մյուսին պարտք չէ, որտեղ կոռուպցիա չկա, որտեղ միմյանց դիմում են “հարգելիս”-ով ու “սիրելիս”-ով: Ինձ մտահոգում է, որ այսքան ժամանակ մենք դրան հասնել չենք կարողացել:

Ձեր կողմից ամենահաճախ տրվող խորհուրդը:

Մի հուսահատվեք: Աշխատեք, ձգտեք, ու անպայման հաջողությունը կգա:

Ձեր կարգախոսը:

Իմ կարգախոսը հորս կարգախոսն է` երբեք չպետք է դադարել աշխատել:

Ամենամեծ տոնը Ձեզ համար:

Կան տոնական տարբեր առիթներ, բայց ես չեմ կարողանում ինձ լիարժեք երջանիկ զգալ, քանի որ դժվարություններն ամենուրեք են: Միգուցե այն ժամանակ ինձ համար լիակատար տոն լինի, երբ ես զգամ իմ ներդրումն այդ խնդիրների լուծման մեջ:

Կա՞ մի բան, որի համար ափսոսում եք:

Այնպիսի լուրջ սխալներ չեմ արել, որոնց համար ափսոսամ…

Ներողություն խնդրելը Ձեզ հե՞շտ է տրվում:

Ներողություն խնդրելն առօրյայում հաճախ է պետք: Դա յուրաքանչյուր դաստիարակված մարդու բարքի պարտադիր կանոնն է:

Ձեր ամենամեծ շնորհակալությունն ո՞ւմ կուղղեիք:

Ընտանիքիս: Շնորհակալությունս պատրաստ եմ հայտնել յուրաքանչյուր մարդու, ով ինձ նույնիսկ փոքր հարցերում օժանդակել և օգնել է:

Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին այս ընտրություններում:

Նախ` ես երբեք մրցակիցներիս մասին վատ չեմ արտահայտվում: Միշտ հարգանքով եմ վերաբերվում նրանց: Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի ունի ընտրվելու, քաղաքական ոլորտում սեփական անձը դրսևորելու իրավունք: Սակայն միաժամանակ մրցակցության մեջ բոլոր միջոցներն արդարացված չեմ համարում:
Նախկինում գուցե կասկածեի, բայց հիմա վստահ եմ` հասարակությունը ճիշտ է գնահատում իրավիճակներն ու մարդկանց, քանի որ հասարակությունը քաղաքական գործընթացներին այժմ ավելի ինտեգրված է: Եվ եթե հասարակությունը քեզ չի ընտրում, պետք է համակերպվես, որ նա ճիշտ է: