Երեկ մենք տեղեկացրել էինք, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Հայաստանում եւ արտերկրում գործող տարբեր կազմակերպությունների հետ, քննարկում հայաստանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հնարավորությունները:
Երեկ այս տեղեկության առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին:
– Ի՞նչ նախաձեռնություն է դա, եւ ինչպես է «Հայէկոնոմբանկը» պատրաստվում նպաստել հայերի՝ Հայաստանում վերաբնակեցմանը:
– Բանկի տարեկան ժողովի ժամանակ ես մեր բաժնետերերին եւ հանրությանը տեղեկացրի, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակներում «Հայէկոնոմբանկը» մշակում է ծրագիր` Հայաստանում օրըստօրե վատթարացող ժողովրդագրական վիճակի բարելավմանն օժանդակելու նպատակով: Դեռ կառուցվածքային առումով հարցեր ունենք պարզելու, սակայն դրա հետ կապված` որոշ աշխատանքներ են տարվում գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ: Այդ աշխատանքների շրջանակներում որոշ հանդիպումներ են տեղի ունենում: Սակայն պետք է նշեմ, որ կոնկրետ վերաբնակեցնելու նախագիծ, որպես այդպիսին, չի քննարկվել: Մասնավորապես, հանդիպումների ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մի ստված զանգված ցանկանում է վերադառնալ, բայց չունի այդ քայլին դիմելու ֆինանսական միջոցներ: Այսինքն, այդ մարդիկ նույնիսկ տոմսի փող չունեն, եւ նրանց թիվն ահռելի է` ընդ որում, այդ օրինակները բազմաթիվ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բնակվող հայերի շրջանում: Այդ պատճառով մենք բանկում քննարկում ենք նաեւ հայրենադարձությանն օժանդակման բանկային մեխանիզմների ստեղծման հնարավորությունները:
– Այսինքն փորձելու եք վարկավորե՞լ հայերի վերադարձը:
– Դեռ պարզ չէ, քանի որ նրանցից շատերը, հեռանալով, այրել են բոլոր կամուրջները, այսպիսով չթողնելով գրավի որեւէ առարկա: Մենք պետք է այնպիսի մեխանիզմ մշակենք, որը թույլ կտա թիրախային խմբերին՝ օգտվելու այդ հնարավորությունից:
– Իսկ ո՞ր կազմակերպությունների հետ են տեղի ունենում այդ հանդիպումները, եւ ո՞ւմ հետ եք այս հարցը քննարկել:
– Չէի ուզենա կոնկրետ անուններ նշել, քանի որ նախապես չեմ պայմանավորվել մեր գործընկերների հետ այդ մասին: Ամեն դեպքում, արտագաղթի թեմայով մենք հոկտեմբերի 2-ին գիտաժողով ենք կազմակերպում, որտեղ շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Իսկ մինչ այդ, ես կաշխատեմ մեկ այլ, ավելի լայնածավալ հարցազրույցի շրջանակներում լուսաբանել մեր ծրագրերը:
– Ձեզ թվում է, որ այս հարցում մասնավոր սեկտորը կարող է պետությանը փոխարինե՞լ:
– Ոչ, իմ կարծիքով այս, ինչպես նաեւ նմանօրինակ այլ հիմնախնդիրների լուծման համար պետության դերն անփոխարինելի է: Սակայն մասնավոր սեկտորը եւս ձեռքերը ծալած չպետք է նստի: Ի վերջո, գոյություն ունի բիզնեսի սոցիալական պատասխանատվության գաղափար, որին յուրաքանչյուր գործարար պետք է արձագանքի:
– Կարելի՞ է ասել, որ այս նախաձեռնության հիմքում պետական համակարգի թերությունները բացահայտելն է:
– Անշուշտ, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ մենք խնդիրներ ունենք: Ասեմ ավելին` իմ կարծիքով, առկա ժողովրդագրական պատկերը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է դարձել: Եվ սա է պատճառը, որ մենք բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել մեր անձնական եւ քաղաքական նպատակներն ու աշխատել կառուցողականության մթնոլորտում: Եվ մեր նախաձեռնության հիմքում ոչ թե պետական համակարգի թերությունները բացահայտելն է, ինչպես նշեցիք, այլ վերաբնակեցման հիմնախնդրի լուծմանը գործուն կերպով աջակցելը:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ – hraparak.am