Հոկտեմբերի 2-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի “Արարատ” դահլիճում տեղի ունեցավ “Հասարակական առաջընթաց” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպված “Արտագաղթի հոգեբանությունը” թեմայով գիտաժողով:
Գիտաժողովում ելույթ ունեցան և ներկայացրին իրենց հետազոտությունները` հ.գ.թ.Արուսյակ Սևոյանը (Ադելաիդայի Համալսարան), հ.գ.թ. Նարինե Խաչատրյանը (ԵՊՀ), հ.գ.թ. Սամվել Մանուկյանը (“ԱյՓիԷսՍի” Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտ), տ.գ.թ Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ) և տ.գ.դ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը (Այլընտրանք Հետազոտական Կենտրոն), Հրանտ Միքայելյանը (Կովկասի Ինստիտուտ), Ռիչարդ Գրիգորյանը (Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն) և Հակոբ Հակոբյանը (ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտականհան ձնաժողովի նախագահ:
Գիտաժողովին հրավիրված էին նաև ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար մտահոգ անձինք պետական, հասարակական և մասնավոր սեկտորներից:
Գիտաժողովը կոչված էր վերհանելու հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձևավորված իռացիոնալ վարքի պատճառները և արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումները ու անհատական հոգեբանության կապը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկնածների շուրջ 80% դժգոհեն ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Արտագաղթի մեկ այլ պատճառներից է (ըստ Ռիչարդ Կիրակոսյանի) գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը: Սակայն, եթե կառավարությունը կարողանա հետագայում այդ մարդկանց գիտելիքները Հայաստանի համար ծառայեցնել, ապա միգրացիայի բացասական հետևանքը կարող է վերածվել դրականի: Ըստ մեկ այլ հարցման արդյունքների արտագաղթողների զգալի մասը, դժգոհ լինելով իրենց կայացրած որոշումից, այնուամենայնիվ լռում են, չեն ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում են ինքնախաբեության: Այլ կերպ ասած, գտնվում են անհաջողության հուզական հերքման փուլում:
Այս և մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման մեջ մեծ դեր է խաղում իռացիոնալության գործոնը:
Համաձայնվելով այս ամենի հետ` այնուամենայնիվ խորապես համոզված եմ, որ արտագաղթի կարևոր պատճառներից մեկը դա երկրում տիրող անարդարությունն է, որը տարածվում է պետական ինստիտուտների բոլոր մակարդակների վրա: Այն ստեղծում է անելանելիության և անվստահության մթնոլորտ և ստիպում, իրենց վաղվա օրը չտեսնող մարդկանց արդարություն փնտրել այլ երկրում, այլ հողի վրա: