Uncategorized

Եղբորս խորհրդի կարիքը միշտ ունեմ, հրահանգինը` ոչ. Սուքիասյան

Slaq.am-ի հարցազրույցը թիվ 10 ընտրատարածքում (Կենտրոն համայնք) պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ:

-Պրն. Սուքիասյան, Դուք հայտարարեցիք, որ Ձեր թեկնածությունն առաջադրել եք եղբոր խնդրանքով, կարելի՞ է եզրակացնել, որ ԱԺ-ում լինելու եք Ձեր եղբոր պատվիրակը. այսինքն` իրականում գործունեություն եք ծավալելու եղբոր հրահանգներով:

-Ես բավականաչափ հասուն եմ, որ կարողանամ գործունեություն ծավալել ինքնուրույն: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ երբևէ հրահանգներով չեմ առաջնորդվել, այդ կենսակերպը խորթ է ինձ: Մեզանում, ցավոք, խեղաթյուրված են ոչ միայն երևույթներին տրվող գնահատականները, այլև հաճախ`մարդկանց ընկալումներն ու պատկերացումները: Պետք է կարողանալ միմյանցից զանազանել հրահանգն ու խորհուրդը: Եղբորս խորհրդի կարիքը ես միշտ ունեմ, հրահանգինը` ոչ: Ես եմ ներկայացրել այդ հայտը, քանի որ, ինչպես գիտեք Խաչատուրին չգրանցեցին: Այո, մենք արյունակից եղբայրներ ենք, բայց և յուրաքանչյուրս կայացած անձնավորություն ենք:

-Ինչու՞ պետք է ընտրեն հենց Ձեզ, այլ ոչ թե նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Գարեգին Նուշիկյանին:

– Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Եթե ենթադրում եք, թե պիտի փնովեմ ու վատաբանեմ մրցակցիս և գովաբանեմ ինձ ու թվարկեմ արժանիքներս, ապա պիտի հուսախաբ անեմ: Առհասարակ իմ ոճը չէ նսեմացնել դիմացինիս, ով էլ նա լինի: Եվ ոչ էլ մեծամիտ եմ: Ես կարծում եմ`ունեմ համակիրների ստվար բանակ, և ընտրություններում իմ հաջողության երաշխիքը հենց դա է. բազմահազար այդ մարդիկ արդեն իսկ կողմնորոշված են, և նրանց քվեները, կարծում եմ, բավական կլինեն հաղթելու համար: Նրանց կգումարվեն նաև որոշակի տոկոս կազմող այն քաղաքացիները, որոնք, շնորհիվ, մեր գրագետ, քաղաքակիրթ և կազմակերպված քարոզարշավի` կհամալրեն իմ համակիրների բանակի շարքերը:

– Ի՞նչ հարաբերություններ ունեք Գարեգին Նուշիկյանի հետ: Արդյոք իրեն համարու՞մ եք Ձեզ լուրջ մրցակից:

– Բազմիցս ասել եմ, որ հարաբերութունները նորմալ են: Եվ ես կարծում եմ, որ մրցակցությունը կլինի ազնիվ, անթույլատրելի մեթոդներ չեն կիրառվի, և գոնե առանձին վերցրած թիվ 10 ընտրատարածքում խախտումներ չեն լինի:

-Արդյո՞ք ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ Ձեր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի հետ տեղերով փոխվելու եք. այսինք` նա է ղեկավարելու Ձեր ընտանեկան բիզնեսները:

-Կան օրենքի որոշակի պահանջներ, որոնցով էլ կառաջնորդվենք: Այդպես եղել է Խաչատուր Սուքիասյանի պատգամավոր եղած ժամանակ, այդպես կլինի հետայսու:

– Օրերս մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե իբրև նախօրեին Ձեր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք իսկապես Ձեր թիկնազորի պետը մասնակցություն է ունեցել այդ վիճաբանությանը:

– Մամուլում շրջանառված այդ տեղեկությունները կեղտոտ տեխնոլոգիայի կիրառություն են: Դրանք մերկապարանոց ստեր են, պարզունակ հորինվածք սենսացիոն վերնագրով: Նշված օրը նշված վայրում եղած մարդիկ կարող են հերքել այդ տեղեկությունները: Սրճարանի տնօրենը արդեն իսկ հերքել է, ի դեպ` նույն այդ տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցում: Ես թիկնազոր չունեմ: Սուտ տեղեկություններն էլ չեմ մեկնաբանելու:
-Ի՞նչ կարգախոսով եք գնում ընտրութուններին:

– Շուտով կհրապարակվի իմ նախընտրական բուկլետը, որի առաջին էջին կկարդաք. «Դուք եք ընտրում Ձեր ապագան»:

-Ինչպիսի՞ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու ԱԺ-ում:

– Դրանք, բնականաբար, կառնչվեն տնտեսական և քաղաքական ոլորտներին: Միտված կլինեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն, հարկային բեռի թեթևացմանը: Ամենքս գիտենք, թե ինչ աղետալի վիճակում է մեր երկրի տնտեսությունը, որքան աղետալի են գործազրկության, արտագաղթի ծավալները, որքան համատարած է կոռուպցիան: Հայաստանի քաղաքացին, Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ պետք է ապրի արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով: Օրենսդրական իմ բոլոր նախաձեռնությունները ծառայելու են այդ նպատակին:

Լուսինե Հովհաննիսյան
Slaq.am – Լրատվական աղբյուր