– Համաշխարհային տնտեսության պատմության XX դարի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դարձավ Չինաստանի տնտեսության աննախադեպ հաջողությունը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն այսօր ամենաարագ զարգազող տնտեսություն ունեցող երկրներից է, հիմնական տնտեսական ցուցանիշներով մոտենում, որոշ ցուցանիշների գծով նույնիսկ գերազանցում է զարգացած երկրներին: Ներկայումս այս երկրի արտադրանքի մասին արդեն սխալ կլինի ասել, թե այն ցածրորակ է: Գիտատեխնիկական և արտադրական բազայի զարգացման հետ Չինաստանի արտադրության որակն էականորեն աճել է: Չինական ընկերությունների արտադրանքը հաճախ արդեն ոչ միայն չի զիջում, այլ նույնիսկ կարող է մրցակցել Չինաստանից արտահանվող հայտնի բրենդների արտադրանքի հետ:
Չինաստանի տարբեր քաղաքներ մասնագիտացել են առաձին արտադրատեսակների գծով՝ իրենց արտադրանքի որակը հասցնելով գրեթե կատարելության: Եթե նախկինում աշխարհահռչակ բրենդները տեղակայվում էին միայն խոշոր քաղաքներում, ապա այժմ նրանք արդեն գրավում են նաև փոքր քաղաքները:
Հատկանշական է, որ 1970-ականների վերջերին Չինաստանի տնտեսությունը փոխեց իր ուղղվածությունը՝ փակ, կենտրոնացված պլանային տնտեսությունից անցում կատարելով ավելի շուկայականին մոտ տնտեսության:
Չինաստանի զարգացմանը մեծապես նպաստել են երկրում առկա տնտեսական գոտիները, որոնք գործում են արտոնյալ ռեժիմով: Այդպիսիք են հատուկ տնտեսական գոտիները, որտեղ բացի հարկային արտոնություններից կիրառվում են նաև այլ, ոչ հարկային արտոնություններ, այդ թվում’ հողի, ջրի, հոսանքի, գազի օգտագործման դիմաց կատարվող վճարներից ազատում, վարձակալական վճարներից ազատում կամ այդ վճարների կրճատում, ազատ մաքսային գոտիները, որտեղ արտասահմանյան արտադրության ապրանքների համար մաքսային վճարումներ չեն իրականացվում, չեն կիրառվում ներմուծման լիցենզիաներ, ընդ որում’ ավելացված արժեքի հարկ և մաքսային վճարներ չեն գանձվում, եթե տվյալ ապրանքն արտահանվելու է Չինաստանից: Տնտեսության վերելքին նպաստեցին նաև նոր և բարձր տեխնոլոգիաների գոտիները, պետական մակարդակի սահմանամերձ տնտեսական համագործակցության գոտիները:
Օտարերկրյա մասնակցութուն ունեցող ընկերությունները ստացան մի շարք հարկային արտոնություններ՝ նվազագույնը 2 տարով ազատվում էին շահութահարկից, հաջորդ երեք տարիների ընթացքում այդ հարկը վճարում էին 50%-ի չափով: Երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում շահութահարկից ազատվում էին մինչև 8 տարի ժամկետով: Հատկանշական է, որ 100% օտարերկրյա մասնակցութուն ունեցող ընկերությունները կարող են գործել միայն արտադրության, վերամշակման և արտադրանքի հավաքման ոլորտներում:
Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ այդ ուղղվածությունն ունեցող ընկերություններն ընդհանրապես սկսեցին ազատվել շահութահարկից կամ էլ օգտվել այս հարկի վճարման արտոնություններից:
Երկրի տնտեսության զարգացման նպատակով պետության կողմից ստեղծած վերոնշյալ նախադրյալները և երկրում առկա էժան աշխատուժը զարկ տվեցին Չինաստանի տնտեսության զարգացմանը: Ամբողջ աշխարհով հայտնի բրենդերը տեղափոխեցին իրենց արտադրությունը Չինաստան:
Այսօր Չինաստանն աչքի է ընկնում ուղղակի արտասահմանյան ներդրումների բարձր մակարդակով և, վիճակագրական տվյալների համաձայն, 2012-2013թթ.-ին ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքով աշխարհում զբաղեցրել է 2-րդ տեղը:
2009թ.-ի տնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, հարվածեց նաև Չինաստանի տնտեսությանը, քանի որ այս երկրի տնտեսությունը սերտորեն կապված է արտահանման հետ:
Չինական ընկերությունները սկսեցին սննկանալ, քանզի նրանց արտադրանքն այլևս պահանջարկ չուներ արտասահմանում: Թվում էր, որ «չինական հրաշք»-ն ուր որ է կընկնի անդունդը: Սակայն չինացիներն այս անգամ էլ ելք գտան’ խթանելով սպառումը երկրի ներսում:
Ի տարբերություն շատերիս համար քաջ հայտնի քաղաքականության, այն է’ գների բարձրացում ճգնաժամի ժամանակ, Չինաստանն ընտրեց «Ճգնաժամն էժանություն» է նշանաբանը:
Չինական տարբեր քաղաքներում ընթացող շինարարությունը, որը կանգնեցվել էր ճգնաժամի պատճառով, նորից թափ առավ, քանզի կենտրոնական բանկը, իջեցնելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, նույնը ստիպեց անել նաև առևտրային բանկերին: Արդյունքում’ տարվա ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը մոտ 10 անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:
Ծրագիրը, որն ուղղված էր ճգնաժամի դեմ պայքարին, ներառում էր գյուղական վայրերում երկաթգծերի, նոր գործարանների, կինոթատրոնների, սուպերմարկետների կառուցում, ինչի արդյունքում գյուղացիներն ապահովվեցին աշխատատեղերով:
Ներկայումս Չինաստանի տնտեսության «շարժիչ» է հանդիսանում ներքին սպառումը, ներքին պահանջարկը:
Անդամակցելով ԱՀԿ-ին’ 2008թ.-ի սկզբից Չինաստանը վերացրեց օտարերկրյա ներդրողներին տրվող հարկային արտոնությունները, ինչի արդյունքում տեղական և օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունները սկսեցին կրել նույն հարկային բեռը: Այս փոփոխությունը խթանեց տեղական ընկերությունների գործունեությունը, քանզի վերջիններս մինչ այդ ավելի բարձր հարկեր էին վճարում:
Չինաստանում կիրառվում են ավելացված արժեքի հարկի 3% և 17% դրույքաչափեր’ համապատասխանաբար մանր և սովորական հարկատուների նկատմամբ, ընդ որում, եթե սովորական հարկատուների պարագայում արտահանման ժամանակ նախատեսվում է վճարված ավելացված արժեքի հարկի վերադարձ, ապա մանր հարկատուների կողմից արտահանում իրականացնելու դեպքում ավելացված արժեքի հարկը չի վերադարձվում: Սա ապացույց է այն փաստի, որ կառավարությունը ձգտում է խթանել տեղական փոքր ձեռնարկությունների գործունեությունը:
«Չինական հրաշք»-ի մասին կարելի է երկար խոսել, փորձել դասեր քաղել այս երկրի անցած ուղուց, փորձել հասկանալ, թե որն է իրականում եղել այս երկրի հաջողության գրավականը:
Կարծում եմ, որ այս պետության զարգացման պատմությունը կարող է նաև լավ օրինակ ծառայել մեր երկրի համար’ իհարկե հաշվի առնելով մեր տնտեսության առանձնահատկությունները:
Ի վերջո, կգա՞ մի ժամանակ, որ Հայաստանի Հանրապետությունը թռիչքային զարգացում ապահովի և ունենա իր «հայկական հրաշք»-ի մոդելը: