Հարցազրույց «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ
– Պարո´ն Սուքիասյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԿԲ-ի 2014թ. դեկտեմբերի 30-ի որոշումը, համաձայն որի՝ 2017թ. հունվարի 1-ից բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալը պետք է կազմի նվազագույնը 30 մլրդ ՀՀ դրամ՝ ներկա 5 մլրդ-ի փոխարեն:
– Կարծում եմ՝ ՀՀ ԿԲ այս որոշման կատարումը դժվար է լինելու շատ բանկերի համար, քանզի շուկայում գործող 21 բանկերից տարեվերջի դրությամբ միայն 5 բանկեր էին համապատասխանում սահմանված նոր չափանիշին: Մնացած բանկերն ստիպված են լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակում: Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ խորհրդում աշխատում են խորքային գիտելիքներով մասնագետներ եւ, ուրեմն, այդ որոշումն ընդունելիս հաշվի են առել բոլոր դրական եւ բացասական կողմերն ու հետեւանքները: Հնարավոր է, որ ՀՀ ԿԲ այս որոշման պատճառներից մեկը եղել է դրամի արժեզրկումը, ինչի հետեւանքով որոշ բանկերում դասակարգվող արտարժութային վարկերի առկայությունը կարող էր վտանգել նրանց կայունությունը եւ, հետեւաբար, նաեւ ՀՀ ամբողջ բանկային համակարգը: Կարծում եմ, որ որոշում ընդունելիս ՀՀ ԿԲ-ն, առաջին հերթին, պետք է առավել ուշադրություն դարձներ նմանատիպ բանկերի կապիտալի մակարդակին: Պետք է նշեմ, որ ՀՀ բանկային համակարգն ԱՊՀ երկրների բանկային համակարգերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր:
– Ինչքանո՞վ են կառավարելի «Հայէկոնոմբանկ»-ում այդպիսի ռիսկերը:
– Ամբողջ աշխարհում բիզնեսի տրամաբանության մեջ մի կարեւոր հանգամանք կա՝ հնարավորինս փոքր կապիտալով ստեղծել համակարգ, որը մեծ շահույթ կբերի: Մեր Բանկի պարագայում դա այսօր արված է: Խոսեմ թվերով: «Հայէկոնոմբանկ»-ը, ունենալով 2.3 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ, մոտ 100 մլրդ դրամ ակտիվներ, 50 մլրդ դրամ վարկային պորտֆել, ունի վարկերի վերադարձելիության գրեթե 99,5%:
– Ավելի մանրամասն կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու «Հայէկոնոմբանկ»-ը՝ իր կապիտալը ՀՀ ԿԲ որոշմանը համապատասխանեցնելու նպատակով:
– Քանի որ Կենտրոնական բանկի որոշումն արդեն ընդունված է, մենք կհամապատասխանեցնենք կապիտալը այդ որոշմամբ սահմանված պահանջներին՝ արդեն այս տարվա վերջին այն հասցնելով 20 մլրդ ՀՀ դրամի շեմին: Արդեն այս տարվա սկզբից Բանկի հիմնական բաժնետերերը մոտ 5 մլրդ դրամով համալրեցին բանկի նորմատիվային կապիտալը: Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է 5 մլրդ դրամի բաժնետոմսերի թողարկում, որոնք կիրացվեն բաց բաժանորդագրության միջոցով, այսինքն՝ կարող են ձեռք բերվել ցանկացած անձի կողմից: Հիմնական բաժնետերերս՝ Սուքիասյան եղբայրներս, նախատեսում ենք ձեռք բերել մոտ 4 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր: Արդեն հրապարակվել է բաժնետոմսերի թողարկման ազդագիրը` պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելով թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ բանկային շուկան 2017թ․-ից հետո, ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները:
– ԿԲ որոշման արդյունքը պետք է լինի հայաստանյան բանկերի խոշորացումը: Բայց, անկեղծ ասած, հայկական իրականության պայմաններում դժվարանում եմ հավատալ բանկերի միավորումներին, քանզի հայ սեփականատերը միշտ ձգտում է տիրապետել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթին. այլ տարբերակ նույնիսկ չի էլ դիտարկվում: Մեր ընտանիքը չունի նման կարծրատիպեր, մենք դիտարկում ենք համագործակցության ցանկացած արդյունավետ տարբերակ: Այն բանկերը, որոնք կհաղթահարեն 2017թ․ պատնեշը, կկանգնեն մեկ այլ խնդրի առջեւ, քանի որ, մեր կանխատեսումներով, շուկայում մրցակցությունը շատ ավելի է սրվելու: Դա, իհարկե, պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ բանկերն ավելի շատ ազատ ռեսուրսներ կունենան: Ստեղծված իրավիճակում հնարավոր է որոշ բանկեր պարզապես դուրս մղվեն մրցակցությունից: Այս պարագայում, իհարկե, առավելություն կստանան այն բանկերը, որոնք ավելի էժան ռեսուրսներ ունեն եւ առավել ճիշտ են կառավարում իրենց ակտիվները: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք` կառավարիչներս, կառավարում ենք ոչ միայն մեր, այլ նաեւ քաղաքացիների ֆինանսական միջոցները եւ պատասխանատվություն ենք կրում այդ ամենի համար: Նշեմ նաեւ, որ շատ փորձագետներ հրապարակային իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են արտահայտում ՀՀ ԿԲ այս որոշման վերաբերյալ, եւ ես չեմ բացառում, որ որոշման իրագործման ժամկետները կարող են հետաձգվել մինչեւ 2020թ.-ն:
– Պարո´ն Սուքիասյան, ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում այսօր, որքանո՞վ են բանկերը նպաստում ՀՀ տնտեսության աճին:
– Բանկերը հանդիսանում են տնտեսության լոկոմոտիվը, ուրեմն եւ Կենտրոնական բանկը, եւ Հայաստանի բանկերի միությունը պետք է մշտապես աջակցեն առեւտրային բանկերին: Այսօր հայկական բանկերն ակտիվորեն բանակցում են միջազգային դոնորների հետ՝ հնարավորինս ցածր տոկոսադրույքով ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով: Այդ օգնությունը բանկերը պետք է կարողանան նաեւ ՀՀ ԿԲ-ից ստանալ: Չէ՞ որ, որքան իջնի ներգրավվող ռեսուրսների «գինը», այնքան կիջնի վարկերի տոկոսադրույքը, ինչն էլ խթան կհանդիսանա տնտեսական ակտիվության բարձրացման համար: Նորմատիվների միջոցով կարգավորումները` խոսքս վերաբերում է ՀՀ ԿԲ կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացմանը, հիմնականում ժամանակավոր բնույթ պետք է կրեն: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս ՀՀ ԿԲ-ն կմեղմացնի նաեւ պարտադիր պահուստավորման նորմատիվի նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի բանկային գործունեության, հետեւաբար՝ նաեւ տնտեսության ակտիվացմանը:
– Պարո´ն Սուքիասյան, հունիսի 19-ին կայանալու է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: Նախատեսո՞ւմ եք արդյոք շահաբաժիններ վճարել այս տարի:
– «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհուրդը որոշում է ընդունել 2014թ. գործունեության արդյունքներով բաժնետերերին շահաբաժիններ վճարելու վերաբերյալ եւ հարցը ներկայացրել է բաժնետերերի տարեկան ժողովի քննարկմանը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետոմսը ոչ միայն բանկի ղեկավարմանը մասնակցելու իրավունք է, այլ նաեւ բաժնետիրոջ եկամտաբեր ներդրում: