Հարցազրույց

Համեմատեք, թե ով որքանով է ընդունակ աշխատել ի շահ մեր երկրի և քաղաքացիների

Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ

– Պարոն Սուքիասյան, որքանո՞վ եք տրամաբանական համարում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դժգոհում են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև իշխանությունները, ասես մարդկանց անհուսության մատնած խնդիրները երկնքից են թափվել, և իրենք չէ, որ պատասխանատու են դրանց առկայության համար:

– Միանգամայն տրամաբանական է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, բնական է, որ մեղադրում է երկրում կուտակված հիմնահարցերը լուծել չկարողանալու կամ դրանք լուծելու քաղաքական կամք չցուցաբերելու համար:
Անհասկանալի է, սակայն, երբ բոցաշունչ ելույթներով կամ լղոզված հարցազրույցներով հանդես եկող իշխանության ներկայացուցիչները կամ իշխանության հովանավորությունը վայելող թեկնածուները իբրև սրտացավորեն խոսում են սոցիալապես խոցելի խավերին հուզող խնդիրներից, գործազրկությունից, արտագաղթից… Սա պարզ դեմագոգիա է. ցանկացած խելահաս մարդ հասկանումէ, թե ով է այդ ամենի պատասխանատուն, թե ինչու է երկրի վիճակը վատ:

– ՀՀԿ-ի հովանավորությունը վայելող թեկնածուներից մեկը իր մի հարցազրույցում հետևյալ միտքն է արտահայտել. “Մենք մեծ խնդիր ունենք արտագաղթի հետ կապված, որը իշխանությունները պետք է խորը ուսումնասիրեն` հասկանալու համար պատճառները, թե ինչու են մարդիկ լքում երկիրը”: Համաձա՞յն եք այս տեսակետին:

– Եթե առ այսօր իշխանությունների համար արտագաղթի պատճառները մութ են, եթե առ այսօր չեն ուսումնասիրել, թե ինչու են մարդիկ լքում երկիրը, ապա թույլ տվեք պարզապես լռել, թե’ այդ միտքն արտահայտած թեկնածուի, թե’ այդ իշխանությունների մասին: Այստեղ”խորը ուսումնասիրության”անհրաժեշտություն չկա, ամեն ինչ առավել քան ակնառու է, և կարիք չկա ապավինել մարդկանց հիմարացնելու մարտավարությանը:

– Եւ իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, եւ ընտրապայքարին մասնակցող քաղաքական այլ ուժերը ձգտում ենհավատ ներշնչել հասարակությանը, հավատ` վաղվա օրվա հանդեպ: Եւ այդ ենթատեքստն են պարունակում կուսակցությունների կարգախոսները, ասենք իշխող կուսակցության`”Հավատանք, որ փոխենք”:
– Ով չի ալարել` անդրադարձել է ՀՀԿ-ի կարգախոսին: Հավելեմ միայն, որ մարդկանց մեջ հավատ ներշնչում են ոչ թե չորս-հինգ տարին մեկ հրապարակ նետվող կարգախոսներով, այլ ամենօրյա գործունեությամբ: Իշխանությունն ինքն իրեն հարցրե՞լ է` իր ինչին հավատա հասարակությունը, և ի՞նչն է, որ այլևս պիտանի չէ, ու հիմա պիտի փոխենք:
Այդ կարգախոսը մակերեսային ընկալման համար գուցե բավարար է` դրական լիցքեր պարունակող երկու բառ դրված են կողք կողքի, բայց մեր հասարակությունը հրաշալիորեն հասկանում է, որ իր խոսքի իմաստն ու արժեքը չգիտակցող իշխանությունը չի կարող բարեփոխումներ իրականացնել հասարակության համար:

– Իշխանության հասցեին քարոզարշավի ընթացքում Դուք այնքան կոշտ չեք արտահայտվում, ինչն էլ դարձել էր ոմանց ենթադրությունների հիմքը, թե առկա են ինչ-ինչ ներքին պայմանավորվածություններ, և իշխանությունն այժմ ամեևին էլ չի խանգարում Սուքիասյանների տնտեսական գործունեությանը: Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք իշխանությունների հետ:

– Իշխանության հետ քաղաքական որևէ ուժի կամ անհատ գործչի փոխհարաբերությունները մեր իրականության մեջ չեն կարող բխել իշխանության հասցեին քննադատության կոշտության կամ սրության աստիճանից: Ապացույցները շատ են: Հիշեք իշխանությանն ամենակոշտ որակումները տված և փոխադարձաբար վիրավորական պիտակներ ստացած կուսակցությունների ղեկավարներին ու գործիչներին: Հիմա այդ “անհաշտ ընդդիմադիրները” իշխանական թիմում են:

Իմ ոճին խորթ են մերկապարանոց որակումները, թունդ ածականները, հրապարակային վիրավորանքները: Քննադատությունը պիտի լինի առարկայական, դիպուկ ու հիմնավոր: Այն ինքնանպատակ չէ: Զգացմունքային պոռթկումներով, սուր հայհոյանքներով էժանագին հեղինակություն ձեռք բերելու փորձերը համարում եմ ոչ պատվաբեր: Քննադատությունը ոչ թե պիտի վիրավորի դիմացինին, այլ զգաստացնի, ստիպի նրան վերանայել իր գործելաոճը: Եթե արժանացողը ընդունակ է դրան` լավ է առաջին հերթին ի’ր համար, եթե ընդունակ չէ, վատ է` դարձյալ առաջին հերթին ի’ր համար:
Ինչ վերաբերվում է մեր բիզնեսին խանգարել-չխանգարելուն, ապա ամենքին է հայտնի, թե ինչ կատարվեց, երբ եղբայրս` Խաչատուր Սուքիասյանը, նախընտրեց սատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և կանգնեց նրա կողքին: Է՞լ ինչ պիտի աներ իշխանությունը, պիտի հողի՞ն հավասարեցներ մեր ամբողջ ստեղծածը, պիտի բնաջնջե՞ր ամեն ինչ:Կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է աշխատի այլակարծության ինստիտուտը:
Ի վերջո, մեր ընտանիքը և մեր բիզնեսի մեջ ներգրավված մարդիկ Հայաստանի մի մասնիկն են, և չեմ կարծում, թե ՀՀ իշխանությունը իր գերխնդիրը պետք է հռչակեր վերացնել այն: Մենք դիմացանք մեզ բաժին հասած փորձություններին ու դժվարություններին, կորուստներ ունեցանք, ինչպես մեր երկրի շատ քաղաքացիներ: Այժմ էլ ունենք խնդիրներ, երկրի տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնները նույնն են նաև մեր բիզնեսի համար: Ու եթե այժմ մեզ հաջողվում է ինչ-ինչ ցուցանիշներ ապահովել, ապա թող անհամեստ չհնչի. դրանք արդյունք են կազմակերպված աշխատանքի, հմուտ կառավարման եւ օրինապաշտ վարքի: Իսկ իշխանության հետ պայմանավորվածությունների մասին խոսակցությունները համարում եմ անլուրջ: Այդ ասեկոսեները ծնվել են ոմանց հիվանդագին երևակայության մեջ և այնտեղ էլ կմարեն:

– Քարոզարշավի ավարտականփուլն է, սակայն Ձեր առաջադրման ինտրիգը դեռ պահպանվում է: Թիվ 10 ընտրատարածքում Դուք առաջադրվեցիք միայն այն պատճառով, որ Ձեր ավագ եղբորը` Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին ԱԺ պատգամավորի թեկնածու: Նախորդ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի ընտրազանգվածը կազմող անձինք մայիսի 6-ին ձայն են տալու Ձեզ: Կամա թե ակամա նրանք պիտի համեմատեն Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյաններին: Ի՞նչ ունեք նրանց ասելու:

– Այս հարցի վերաբերյալ արտահայտվել եմ բազմիցս և, կարծում եմ, տվել սպառիչ պատասխան: Հավելեմ միայն հետևյալը. ընտրողներին, առհասարակ թիվ 10 ընտրատարածքի ընտրություններով հետաքրքրվածներին պիտի առաջարկեմ հաշվի նստել օբյեկտիվ իրողության հետ. համեմատել ոչ թե ինձ և Խաչատուր Սուքիասյանին` դրա կարիքը չկա, այլ ինձ և առաջադրված մյուս թեկնածունին: Համեմատել առաջադրված թեկնածուներիս ծրագրերը, յուրաքանչյուրիս ունակությունները, դիրքորոշումը, խոսքի լրջությունը, պատրաստվածությունը և պատրաստակամության մակարդակը` թե ով որքանով է ընդունակ աշխատել ի շահ մեր երկրի և քաղաքացիների: