Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուՍարիբեկ Սուքիասյանի հետ:
– Մամուլում ակնարկներ եղան, որ Դուք ժամանակին հայտարարել էիք, թե չեք ցանկանում դառնալ պատգամավոր, բայց հիմա, այնուամենայնիվ, խորհրդարանում ներկա լինելու հայտ ներկայացրիք: Ո՞ր գործոններն ազդեցին Ձեր որոշման վրա:
– Ինչպես գիտեք, 2007թ. սկսած՝ դեռեւս նախագահական ընտրությունների նախաշեմին, եղբայրս՝ Խաչատուրը, եւ ամբողջ մեր ընտանիքը հայտնվեց քաղաքական հետապնդումների շրջապտույտում: Ձերբակալվեցին մեզ պատկանող ընկերություններում աշխատող տասնյակ անձինք, ինչ-որ մի պահի ինձ նույնպես ենթարկեցին նախնական կալանքի: Մեզանից, բառիս բուն իմաստով, խլեցին երկու խոշոր ընկերություններ, եւ բավականին մեծ վնաս հասցվեց մեր տնտեսական համակարգերին: Այս ամենը շատ բացասական ազդեցություն ունեցավ մեզ վրա, խաթարվեց մեր ընտանիքի բոլոր անդամների անդորրը:
Բայց պարզվում է, որ դա էլ քիչ համարվեց: Հիմա էլ ոտնահարելով օրենքի տարրական նորմերը՝ Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու՝ զրկելով նրան ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրվելու իրավունքից: Պատճառը մեզ համար շատ պարզ է՝ իշխանության որոշ ներկայացուցիչներին անհանգստացնում է հասարակության լայն շերտերի վստահությունը Խաչատուրի հանդեպ: Եղբայրս կռահել էր իշխանությունների նախատրամադրվածությունը եւ հորդորեց ինձ առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում, որպեսզի խորհրդարանում շարունակեմ իրականացնել նրա ծրագրերը, ապահովեմ նախընտրական մրցակցությունը մեր ընտրատարածքում, բավարարեմ ընտրողների սպասումները: Սա նաեւ մեր արժանապատվության հարցն էր:
Ես միշտ տեղյակ եմ եղել Խաչատուրի պատգամավորական գործունեությանը, պարբերաբար ծանոթանում էի նրա օրենսդրական նախաձեռնություններին: Ուզում եմ ասել, որ ես միշտ հետեւել եմ խորհրդարանի աշխատանքներին, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել՝ օրենսդրությունը կատարելագործելով:
Ուստի պատահական մարդ չեմ լինելու Ազգային ժողովում եւ ընտրվելու դեպքում աշխատելու եմ շատ արդյունավետ:
– Ձեր գլխավոր մրցակիցն ընտրատարածքում Գարեգին Նուշիկյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազի խնամին է: Արդյոք դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
– Ոչ, չի անհանգստացնում: Ընտրությունները չեն կարող լինել խնամիական կամ ընկերական հարաբերությունների արտացոլումը: Ցանկացած պետական պաշտոնյա, նաեւ իրավապահ մարմինների բարձրագույն ներկայացուցիչ, ինչպես եւ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրության ժամանակ ունենում է մեկ ձայն: Հույս ունեմ, որ իշխանությունները հավատարիմ կլինեն իրենց խոստումին՝ այս անգամ ապահովել ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Ուժային, դատախազական լծակների օգտագործումը ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով անթույլատրելի եմ համարում:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրապայքարում հաղթելու Ձեր շանսերը:
– Գործարարությամբ զբաղվելու, տնտեսական եւ ֆինանսական տարբեր կառույցներ ղեկավարելու հարուստ փորձը ինձ սովորեցրել է ցանկացած նոր գործ սկսելուց առաջ հաշվարկել իմ հնարավորությունները, կարողությունները, վերլուծել իրավիճակը:
Այս դեպքում էլ այդ բոլոր գործողությունները կատարվել են, եւ ես շատ հանգիստ եւ վճռական մտնում եմ ընտրապայքարի մեջ:
Իմ շփումները ընտրատարածքի բնակիչների հետ, իրենց վստահությունն իմ հանդեպ, ինձ օժանդակող լավ պատրաստված թիմը թույլ են տալիս եզրակացնել, որ ես հաղթելու եմ: Ի վերջո, ես հանրությանն անծանոթ անձ չեմ, բազմիցս զանգվածային լրատվամիջոցներով ներկայացրել եմ իմ տեսակետը երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, մատնանշել եմ տնտեսության զարգացմանը խանգարող խնդիրները, տարբերակներ եմ առաջարկել այդ խնդիրները լուծելու համար:
– Դուք ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում եք, չնայած մինչ այժմ ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվել: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Կարծում եմ՝ այդ հարցը նախ եւ առաջ պետք է ուղղել Կոնգրեսի ղեկավարներին: Բազմիցս ասել եմ, որ բարձր եմ գնահատում Հայաստանի առաջին նախագահի ներդրումը մեր երկրի անկախացման, Արցախի ազատագրման հարցում: Իմ ազատական գաղափարներին համահունչ են ՀԱԿ-ի ծրագրերն ու երկրի զարգացման առաջարկվող մոդելները, եւ ես որեւէ անգամ չեմ թաքցրել, որ Կոնգրեսի համակիրն եմ: Նաեւ գիտեք, որ եղբայրս 2008թ. հստակ արտահայտել էր իր քաղաքացիական դիրքորոշումը, կանգնել էր ժողովրդի կողքին: Այդ իսկ պատճառով չի կարելի պատահական համարել իմ ներգրավումը Կոնգրեսի նախընտրական ցուցակում: Նշեմ նաեւ, որ իշխանության թեւերը միշտ պետք է հակակշռված լինեն: Ուրեմն, խորհրդարանում խիստ անհրաժեշտ են անկախ եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական եւ տնտեսական գործիչներ. դա բխում է եւ երկրի, եւ քաղաքացիների շահերից: