Uncategorized

Սարիբեկ Սուքիասյան. Մրցակիցներիս համար ես նույնքան ուժեղ թեկնածու եմ, որքան Խաչատուրը

Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի հետ:


Պարոն Սուքիասյան, Ձեր առաջադրումը արդյո՞ք առավել քան պայմանավորված չէ ձեր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների հայտնի արարքով: Այլ կերպ ասած, որպեսզի այդ մանդատը իշխանության թեկնածուին լավագույն դեպքում հեշտ չտրվի, որովհետև դուք մշտապես հայտարարել եք, որ բիզնեսի մարդ եք:

Օրեր առաջ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու շարժառիթները: Արդեն իսկ հայտարարել եմ, որ եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում: Դա նաև անարդարություն է ընտրողների նկատմամբ, քանզի գաղտնիք չէ, թե որքան շատ համակիրներ ունի Խաչատուր Սուքիասյանը մասնավորապես թիվ 10 ընտրատարածքում, և այդ մարդկանց իրենց նախընտրած թեկնածուին քվեարկելու հնարավորությունից զրկելը իրավական հարթությունից տեղափոխվում է բարոյական հարթություն: Ահա ինչու ես իմ պարտքը համարեցի փոխարինել եղբորս, թեև ավելի վաղ ասել էի, որ ես տնտեսական գործիչ եմ և չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Իմ առաջադրումը իմ դրական արձագանքն է հասարակության պահանջին: Այս ընտրատարածքում ավանդաբար եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն: Նույնը կլինի նաև այս անգամ: Խնդիրն ամենևին մանդատ զիջել-չզիջելը չէ, մանդատի համար կռիվը չէ: Խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ այն առողջ գծի շարունակումն է, որի ջատագովը, հասարակությունը, կարծում եմ, համոզվել է, իր պատգամավորական գործունեության ընթացքում պաշտպանել է Խաչատուր Սուքիասյանը:

Անհամեստություն չդիտվի, եթե նշեմ, որ ունեմ ղեկավարելու մեծ փորձ, պարզորոշ պատկերացնում եմ տնտեսությունը, պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետում եմ արտադրության, շինարարության, ֆինանսատնտեսական, սպասարկման ոլորտներին և պատկերացնում եմ, թե ինչ է հարկավոր անել տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և աշխատող մարդկանց համար արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար:

Քաղաքականության մեջ Դուք նոր անուն եք, ի՞նչ թարմություն և փոփոխություններ եք պատրաստվում բերել, որը մինչև օրս չի արվել:

Ճիշտն ասած համաձայն չեմ այդ ձևակերպմանը. քաղաքականության մեջ նոր մարդ չեմ: Այլ խնդիր է, որ նախկինում չեմ ծավալել կուսակցական-քաղաքական ակտիվ գործունեություն, բայց քաղաքական շրջանակներում ինձ ճանաչում են: Եթե ես հիմա խոսեմ թարմությունից, որը պատրաստվում եմ բերել, նոր խորհրդարանի ձևավորումից հետո այդ “թարմությունը” կլինի հնացած: Այն ամենը, ինչ հակադրվում և փոխարինում է հնին, թարմություն է: Թարմության գլխավոր հատկանիշներից մեկը անակնկալն է, իսկ անակնկալը պիտի մատուցվի ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերվում է փոփոխություններին, ապա դրանց կարող եք ծանոթանալ իմ նախընտրական ծրագրում:

Ձեր մրցակից Գարեգին Նուշիկյանի համար ըստ Ձեզ, Դուք նույնքան ուժեղ թեկնածու եք, որքան Խաչատուր Սուքիասյա՞նը, քանի որ Դուք թերևս ավելի պակաս ճանաչում ունեք հասարակության կողմից:

-Այո, իմ մրցակիցների համար ես նույնքան ուժեղ թեկնածու եմ, որքան Խաչատուրը: Ստեղծված իրավիճակում` գուցե և ավելի ուժեղ. մի մոռացեք, որ իմ նախընտրական շտաբը Խաչատուր Սուքիասյանն է ղեկավարելու, ուժը, այսինքն, կրկնապատկվում է:

Եղբորս հանդեպ խորին հարգանքով հանդերձ` պիտի ասեմ, որ ես ինքուրույն դերակատարություն ունեմ այսօրվա իրականության մեջ: 15 տարի ղեկավարել եմ Հայէկոնոմբանկը, սնանկ վիճակից այն դարձրել եմ միջազգային չափանիշներին համապատասխան թափանցիկ կառույց: Սուքիասյանների գեները տալիս են հաջողված պտուղներ: Ես և Խաչատուրը սկզբունքային հարցերին ունենք նույնանման վերաբերմունք: Զանգվածային լրատվամիջոցներով բազմիցս ներկայացրել եմ իմ տեսակետները երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, բավականաչափ ճանաչված եմ նաև մեր ընտրատարածքի բնակիչների շրջանում` շատերի հետ պարզապես առօրյա շփումներով:

Պարոն Սուքիասյան, հայտնի է, թե Խաչատուր Սուքիասյանը իր քաղաքական հայացքների համար ինչ ճնշումների ենթարկվեց, նոր ճնշումների ալիքից արդյո՞ք չեք վախենում:

Ճնշումների է ենթարկվել ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլ մեր ընտանիքը, մեր մերձավորները: Ինչու՞ միայն մենք. շատերն են ենթարկվել ճնշումների և մեծ ու փոքր փորձությունների: Քաղաքական պայքարում ճնշումը կոչվածը ազդեցիկ գործոն է և կարող է որոշ ժամանակ ինչ-որ արդյունք ապահովել ճնշում բանեցնողի համար, բայց արձանագրենք, որ ճնշումները չեն կարող լինել անընդհատ և շարունակական: Կյանքն ապացուցել է, որ դա ողջամիտ եղանակ չէ և, որպես կանոն, ունենում է բումերանգի էֆեկտ` ի վերջո հարվածում է ճնշում բանեցնողի հեղինակությանը: Հույս ունեմ, որ հայ քաղաքական միտքը ըմբռնել է այս իրողությունը:

Գարեգին Նուշիկյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք և ինչպես եք գնահատում վերջինիս շանսերը:

Իմ մրցակցի հետ ունեցել և այժմ էլ ունենք նորմալ հարաբերություններ, բայց թույլ տվեք, որ ես գնահատեմ իմ շանսերը:Գործարարությամբ զբաղվելու, տնտեսական և ֆինանսական կառույցներ ղեկավարելու հարուստ փորձը սովորեցրել են ինձ ցանկացած նոր գործ ձեռնարկելիս հաշվարկել իմ հնարավորությունները, կարողությունները, վերլուծել իրավիճակը, կանխատեսել հետևանքը:Այս ամենն, ահա, արել եմ և պատրաստվում եմ վճռականորեն մտնել ընտրապայքարի մեջ: Նաև իմ շփումները ընտրատարածքի բնակիչների հետ, իրենց վստահությունն իմ հանդեպ, նրանց հուսախաբ չանելու պարտավորվածությունս, ինձ օժանդակող մեծ և պատրաստված թիմը ապրապնդում են համոզմունքս, որ հաղթելու եմ:

Hayeli.am: Անի Շարոյան